շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շուշին այսօր թշնամու վերահսկողության տակ է, բայց պատմությունն այսպես չի վերջանում. Րաֆֆի Հովհաննիսյան

Շուշին այսօր թշնամու վերահսկողության տակ է, բայց պատմությունն այսպես չի վերջանում. Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր՝ մայիսի 9-ին, ամերիկահայ պետական, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում  հարգանքի տուրք է մատուցել Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ր. Հովհաննիսյանն ասել է, որ որպես հայ մարդ և քաղաքացի,  որպես հայրենիքի նվիրյալ`  իր պարտքն է կատարում Ստեփանակերտում:
 
«30 տարի առաջ մեր սերունդը ազատագրեց մեր բերդաքաղաք, մշակութային օջախ, մեր երազանք Շուշին, և այդ ազատագրման հետքերով մեր դստեր անունը դրեցինք Շուշի: Կարինի, Տարոնի, Անիի կողքին Շուշի էլ ունեցանք: Եվ մենք ապրեցինք այդ բերկրանքով ու կենդանի շնչով, լիաթոք հպարտությամբ: Հասկացանք, որ կյանքում միայն հպարտությամբ ու ինքնավստահությամբ չի կարելի ամեն օր ապրել: Մենք կյանքում ունենում ենք և´ հաղթանակներ, և´ պարտություններ, և´ սխալներ: Մեկուկես տարի է, ինչ ապրում ենք ծանր վիճակում: Շուշին այսօր թշնամու վերահսկողության տակ է, բայց պատմությունն այսպես չի վերջանում: Մենք պետք է ընդունենք մեր սխալները, ուղղենք մեր մեջքը, գտնենք ճիշտ բանաձև, հաղթահարենք մեր ներքին ես-ը, և վերադառնանք ճշմարիտ ուղի՝ սեպտեմբերի 2-ի որոշմանը, դեկտեմբերի 10-ի խորհրդին, և քայլ առ քայլ իրատեսորեն, հետևողականորեն գնանք  արժանապատվության ու ինքնիշխանության ճանապարհով»,-ընդգծել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: