շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել ԵԺԿ համագումարում և հանդիպել կուսակցության առաջնորդներին

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել ԵԺԿ համագումարում և հանդիպել կուսակցության առաջնորդներին

Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել մարտի 6-ից 7-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում․ տեղեկացնում են «Ժառանգություն»-ից։

Դիմելով հազարից ավելի պատվիրակներին, եվրոպացի առաջնորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիվանագիտական ու քաղաքական շրջանակներին և միջազգային հանրության անդամներին՝ Հովհաննիսյանը ներկայացրել է իր քննադատական դիտարկումները և տեսակետները ռուս-ուկրաինական պատերազմի, Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածքների գրավման արյունալի արշավի, էթնիկ զտումների, մշակութային ցեղասպանության, ինչպես նաև օրինականորեն ընտրված առաջնորդների և այլ ռազմագերիների շարունակական բանտարկությունների վերաբերյալ:

«Աշխարհաքաղաքականությունն ինքնանպատակ չէ և պետք է հատկապես Եվրոպայի համար հիմնված լինի համընդհանուր ժողովրդավարական արժեքների և չափանիշների վրա», - եզրափակել է նա:

Ըստ աղբյուրի՝ համագումարի նիստերին զուգընթաց Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ և տեղեկատվության փոխանակումներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի և մի շարք այլ պաշտոնյաների հետ։

  • Կիսվել: