ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է Վրաստանին բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պիտի ուժեր և միջոցներ ուղարկվեն ՀՀ. Զատուլինը՝ ԼՂ-ում ՌԴ-ի հնարավոր գործողությունների մասին

Պետք է Վրաստանին բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պիտի ուժեր և միջոցներ ուղարկվեն ՀՀ. Զատուլինը՝ ԼՂ-ում ՌԴ-ի հնարավոր գործողությունների մասին

ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով  հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լուրերի ազգային ծառայության» հետ զրույցում թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները:

Ինչպես նշում է «ՌԻԱ նովոստի»-ն, Զատուլինի խոսքով՝ հենց Ադրբեջանը և Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է հիշեցնել՝ որ պետությունն է առաջատար հետխորհրդային տարածքում:

Խորհրդարանականը խոստովանել է, որ վստահ չէ՝ ինչպես պետք է վարվի Մոսկվան, սակայն նշել է մի քանի ենթադրյալ տարբերակներ, որոնց թվում է դեսանտային գործողությունը Հայաստանում:

«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման ձևով: ՀԱՊԿ-ին դիմելու ձևաչափով՝ հայկական, ոչ ԼՂ-ի, հայկական տարածքի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Բացելով օդային շրջափակումը: Եթե անհրաժեշտ լինի, մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում նա պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան: Սա պարտադրված որոշում է, քանի որ խոսքը Կովկասում գրոհայինների տարածման մասին է, որից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մյուս բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածների համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ շրջանում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Զատուլինը:

Նա նաև համաձայնվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, որ հակամարտությունը դեռևս չունի դիվանագիտական լուծում՝ Ադրբեջանի գործողությունների պատճառով: Զատուլինը ափսոսանքով է նշել, որ բանակցային գործընթացը փաստացի առաջ չի գնում՝ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին:

«Մասամբ կարելի է հաստատել այն, ինչ ասել է Փաշինյանը: Մենք հիմա տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը փոխում է դիրքորոշումը և կողմ է բանակցություններին: Միևնույն ժամանակ, շարունակում է հարձակումը և անընդունելի պահանջներ առաջ քաշում: Սակայն արտաքինից դա խաղաղասիրության դրսևորում է երևում»,- կարծում է Զատուլինը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։  Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում, գրում է tert.am-ը:

 
 

  • Կիսվել: