կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարմիր խաչն ամսվա մեջ մեկ անգամ է այցելում․ «Հրապարակ»

Կարմիր խաչն ամսվա մեջ մեկ անգամ է այցելում․ «Հրապարակ»

Ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են Հակարիի կամրջից առեւանգված մեր գերու՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Գրում են, որ գերեվարված Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է Մեշալի գյուղում 1992-ին ադրբեջանցիների հանդեպ իրականացված «ցեղասպանության» մեջ։ Ադրբեջանական մամուլի ներկայացմամբ՝ Խաչատրյանն ու նրա գործակիցները սպանել են՝ 25, մարմնական տարբեր ծանրության վնասվածքներ պատճառել՝ 14, վտարել 358 ադրբեջանցու։ Նա, որպես մեղադրյալ, ներգրավված է քրեական գործում եւ մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ 103 հոդվածով (ցեղասպանություն), 107 հոդվածով (բնակչության տեղահանում կամ հարկադիր արտաքսում) նախատեսված հանցագործություններում։ Այսօր էլ շարունակվում է նրա դատավարությունը, որից ողբերգական կադրեր են հրապարակվում ադրբեջանական մամուլում։ Դատարանում հրապարակվում են իբրեւ թե նրա գործակիցների անունները, Մեշալի գյուղի այն ժամանակվա բնակիչներ են բերվում դատարան, որոնք, որպես վկա, ցուցմունք են տալիս Խաչատրյանի դեմ։ Նրան ճանաչողներ են հայտնվում եւ հարցազրույցներ են տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին՝ փորձելով միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե միջազգային օրենքների շրջանակներում է ընթանում սահմանից ապօրինաբար առեւանգված մարդու դատավարությունը։ 

 

Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ այդ մեղադրանքներն անհեթեթություններ են, իր հայրը որեւէ կապ չունի նրան վերագրվող մեղադրանքների հետ: Նշում է, որ անասելի դժվար օրեր են ապրում, հատկապես Վագիֆ Խաչատրյանի կինն այս օրերին անտանելի ծանր հոգեբանական վիճակում է:

- Բոլորս անտանելի վատ ենք, ոչ մի նորություն չունենք: Մենք էլ, բոլորի պես, անորոշ վիճակում ենք, համացանցից ենք տեղեկանում: Ոչ մի ձեւով չենք կարողանում տեղեկություն ստանալ:

- Իսկ Կարմիր խաչը ե՞րբ է վերջին անգամ այցելել Ձեր հորը: Տեղյա՞կ եք:

- Կարմիր խաչն ամսվա մեջ մեկ անգամ է այցելում գերիներին: Դատական նիստից հետո դեռեւս չի այցելել հորս:

- Ինչո՞ւ:

- Ոչինչ չեմ կարողանում պարզել, ոչ մի տեղեկություն:

- Ադրբեջանական լրատվամիջոցները ծանր մեղադրանքներ էին վերագրել Ձեր հորը:

- Կատարյալ սուտ: Ինձ էլ է հետաքրքիր` ինչո՞ւ հենց իմ հայրը: Բացարձակապես ոչ մի բան անգամ չենք կարողանում պարզել: Սարսափելի ծանր հոգեբանական վիճակում ենք գտնվում:

- Դիմել էիք նաեւ միջազգային կառույցներին` Վագիֆ Խաչատրյանին վերադարձնելու համար: Չկա՞ որեւէ արձագանք:

- Հայրս հանցագործ չէ, արժանապատիվ արցախցի է։ Այո, դիմել էինք, դեռ ոչ մի արձագանք: Բոլոր կառույցներին դիմել ենք: Ոչ մի վայրկյան հույսս չեմ կորցնում: Չեմ ուզում հիմա կառույցներին առանձնացնել, որտեղ հնարավոր է՝ դիմել ենք:

- Որտե՞ղ եք բնակվում հիմա, ի՞նչ պայմաններում:

- Ես 2020 թվականից Հայաստանում եմ բնակվում, քույրերս ու մայրս նոր են տեղափոխվել, ապրում են Մասիս քաղաքում: Դեռեւս աշխատանք չունեն, փորձում են մի բան գտնել: Շատ ծանր շրջան է հիմա մեր ընտանիքի համար: Քույրերս ու ես վատ վիճակում ենք, բայց մայրս մեզանից ավելի վատ վիճակում է:

- Համացանցում տարբեր տեղեկություններ շրջանառվեցին, եւ մեր լրատվամիջոցն էլ, օգտվելով այդ գրառումներից, գրել էր, որ Ձեր հայրը կապ է ունեցել Սամվել Բաբայանի հետ, նրա վարորդն է եղել: Որտեղի՞ց էին այդ լուրերը, ո՞վ էր դրանք տարածում։

- Ես շատ կցանկանայի, որ ոչ մի գերեվարված հայ չլիներ Ադրբեջանում: Սամվել Բաբայանին մենք չենք ճանաչում, իմ հայրը ոչ մի կապ նրա հետ չի ունեցել:

  • Կիսվել: