երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
6 միլիարդ 700 միլիոն ՀՀ դրամ օգնություն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց. ՀԿԽԸ

6 միլիարդ 700 միլիոն ՀՀ դրամ օգնություն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց. ՀԿԽԸ

Ճգնաժամերն ու արտակարգ իրավիճակները վերջին տարիներին շարունակում են ցնցել ողջ աշխարհը՝ աղետների, համաճարակների, հակամարտությունների և պատերազմների տեսքով։ 2023 թվականը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կորուստներով և փորձություններով տարի էր։  Շրջափակում, ծանր օրեր, տարածքների կորուստ, բռնի տեղահանություն,  որի հետևանքով  120 հազար արցախցի բռնեց գաղթի ճամփան:

Այս ամենին զուգահեռ օրեցօր աճում է մարդասիրական աջակցության կարիք ունեցող մարդկանց թիվը։ Որպես մարդասիրական ազգային ընկերություն Կարմիր խաչը  առաջիններից է,  որ հանձն է առնում անշահախնդիր գործունեություն ծավալել արտակարգ ռեժիմով։

«Արմենպրես»-ի Podcast-ի  տաղավարում Հայկական Կարմիր խաչի լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանն, ամփոփելով անցնող մարտահրավերներով լի 2023 թվականը, ներկայացրել է 2024թ-ին շարունակվող և նոր պլանավորվող ծրագրերը։

«Եթե ամփոփելու լինենք 2023թ-ը, պետք է այն բաժանենք երկու մասի՝ մինչ սեպտեմբեր և սեպտեմբերի դեպքերից հետո։  ՀԿԽԸ-ն,  իրականացնելով  ընթացիկ գործունեություն  մեր ռազմավարական ուղղություններով՝  աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ-առողջապահություն, առաջին օգնություն, մարդասիրական արժեքների տարածում,  շարունակում էր արձագանքել  2020թ-ի Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով  տեղահանված անձանց աջակցությանը։  Հայկական Կարմիր խաչը արձագանքել էր 2022 թվականի  սեպտեմբեր 13-14-ից Գեղարքունիքում և Վայոց ձորի հատվածում առաջացած սրացման հետևանքներին՝ առաջին օգնություն և  դասընթացներ էր կազմակերպում այդ համայնքներում։ Միևնույն ժամանակ տեղում մարդասիրական աջակցություն էր  ցուցաբերվում ներքին  տեղահանված  անձանց։

Այս ամենին զուգահեռ դեռևս 2020 թ-ին  ԼՂ-ից ՀՀ տեղափոխված  20 հազար մեր հայրենակիցներին տրամադրվում էր մարդասիրական աջակցություն՝ սնունդ, հիգիենիկ պարագաներ, կենցաղային իրեր և հոգեբանական աջակցություն։ 2020թ-ից անհրաժեշտություն առաջացավ  համալրել  մեր մարզային թիմերը հոգեբաններով, քանի որ  պատերազմից տուժած մարդիկ,  կորցնելով հարազատներ, բնակության վայր,  հայտնվել էին սթրեսի և տագնապային իրավիճակում և խոցելի էին ամենից շատ մանուկներն ու տարեցները»,- նկատեց Նունե Գրիգորյանը։

Անդրադառնալով 2023թ-ի վերջին ամիսներին՝ Գրիգորյանը նշեց, որ  սեպտեմբերյան դեպքերի հենց առաջին օրերից եղել է արձագանք տեղում՝ ընդունման կետերում։  Կոռնիձորում, Սյունիքում, Վայոց ձորում 24/7 ռեժիմով աշխատել են Հայկական Կարմիր խաչի անձնակազմի 445 անդամ և կամավորներ։

«Մինչ այս պահը թեժ գծի և այցելությունների միջոցով գրանցվել է 94 հազարից ավելի անձանց օգնություն տրամադրելու  դիմում, որից 92 հազարին,  կարիքից ելնելով, տրամադրվել է օգնություն՝ սնունդ, տաքացուցիչներ, տաք պարագաներ, առաջին անհրաժեշտության իրեր։  

Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ԼՂ-ից տեղահանված անձանց մարդասիրական կարիքներին արձագանքելու համար հավաքագրվել է  6 մլրդ 700 մլն դրամ՝ 16 մլն 435 հազար ԱՄՆ դոլար:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, միանալով ՀՀ Կառավարության 40 000 + 10 000, ինչպես նաև 50 000 միանվագ աջակցության ծրագրերին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, 2023 թվականի նոյեմբեր – 2024 թվականի մարտ ամիսներին (5 ամիս) աջակցում է տեղահանված մոտ 24 հազար մարդու (ամսվա կտրվածքով)։ Կանխիկ աջակցությունը տրամադրվում է ՀԿԽԸ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ, ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ կփոխանցվի 4 միլիարդ 67 միլիոն 900 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն։

Բացի վերը նշվածից,  2020 թվականից ՀԿԽԸ-ին է  պատվիրակվել Գյումրու խնամքի կենտրոնի  կառավարումը։ ՀԿԽԸ հանձնառությամբ  և գործընկերների միջոցով ամբողջությամբ հիմնանորոգվել  է Գյումրու տուն-ինտերնատը։ 160 անձի համար նախատեսված կենտրոնում բարելավվել  է մարդկանց կյանքի, սննդի որակը և բոլոր հուզող հարցերը լուծվում են տեղում»,-հավաստիացրեց Նունե Գրիգորյանը։

ՀԿԽԸ տնօրինությունը նաև  անհայտ կորածների,  գերիների  և պատանդների  հանձնաժողովի անդամ է, սերտորեն աշխատում է ընտանիքների հետ՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելով։ «Այս տարի աշխատանքներն ավելանալու են՝ ընդգրկելով մի քանի մարզ ևս: Միջազգային  գործընկերների հետ մշակվել է 2024թ արձագանքի ծրագիր։ Այն ուղղված է տեղահանված անձանց ինտեգրմանը: Ծրագիրը ներառում է տնտեսական ինտեգրում,  փոքր բիզնեսի ներդրման և զարգացման դասընթացներ, երեխաների կրթություն և մի շարք այլ ուղղություններ։ Խնդիրներն ու կարիքները շատ են, բավական մեծ աշխատանք դեռ կա առջևում, որը մինչև տարեվերջ պիտի փորձենք իրականացնել»,-հավելեց Նունե Գրիգորյանը։

  • Կիսվել: