հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Բագրատ Սրբազանը նման բառապաշար չի օգտագործվում, ձայնագրությունը մոնտաժված է. Դանիելյան

Բագրատ Սրբազանը նման բառապաշար չի օգտագործվում, ձայնագրությունը մոնտաժված է. Դանիելյան

«Ակնհայտ մոնտաժված ձայնագրություն է, բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Բագրատ Սրբազանին, փաստում են, որ նա նման բառապաշար չի օգտագործում»։ Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով տարածված ձայնագրություններին։

«Այս մարդիկ այս ամիսների ընթացքում բազմիցս կեղծիք ու հերյուրանքներ են տարածել Բագրատ Սրբազանի մասին։ Մենք ԱԱԾ–ից փաստաթուղթ ենք ստացել, որում այս ամենը հերքվել է։ Բագրատ Սրբազանը հայրենասեր մարդ է։ Ես տեսել եմ՝ ոնց է նա 44–օրյա պատերազմի ժամանակ նա եկել ու մեզ հետ խրամատում կանգնել։ Դուք բոլորդ օրենքի ու ձեր խղճի առջև պատասխան եք տալու, գործեր կարողներ»,–ասաց Դանիելյանը՝ դիմելով իրավապահ մարմիններին։

Իր հերթին փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ եթե գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին, ապա ելքը կանխորոշված է...

՛՛Կա քաղաքական որոշում և պետք է այդ որոշումը դատական ակտով փաթեթավորվի: Շատ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել: Ծանոթանալով խափանման միջոցի կից նյութերին՝ կարող եմ միանշանակ պնդել, որ եղած ձայնագրությունները մոնտաժված են, չեն արտահայտում իրականությունը՛՛,-ասաց նա:

Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է Բագրատ Սրբազանին կալանավորելու հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։

Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։

Տեսանյութը՝ ստորև.

 

  • Կիսվել: