երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ուկրաինայի Ռադայի պատգամավորի սպանության գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Ուկրաինայի Ռադայի պատգամավորի սպանության գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանն օժանդակելու մեջ կասկածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արայիկ Ամիրխանյանը, որը բերման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։

Ըստ քննիչների՝ Արայիկ Ամիրխանյանը Ուկրաինայի անվտանգային ծառայությանը (ՈՒԱԾ) տվել է տուժածի գտնվելու վայրի մասին տեղեկություն։ Ըստ աղբյուրի՝ քննիչները կարծում են, որ Ամիրխանյանը շահել է ուկրաինացի նախկին պատգամավորի վստահությունը, հետևել է նրան, իսկ հետո ՈՒԱԾ-ին տեղեկություններ է տվել իր բնակության վայրի մասին։ Ամիրխանյանի համար, ըստ ամենայնի, դժվար չէր Կիվայի վստահությունը շահել։

Նա Ուկրաինայում 2010-ականների երկրորդ կեսին զբաղվել է ճանապարհային բիզնեսով, նրա անունը հաճախ էր հայտնվում «Ուկրավտոդորի» հետ կապված սկանդալներում։ Ավելին, 2021 թվականին Ամիրխանյանին կասկածում էին բյուջետային միջոցներից 500 մլն գրիվնա յուրացնելու մեջ, իսկ ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին նրան զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից՝ դա բացատրելով հայկական անձնագրով։

Հիշեցենք, որ Ուկրաինայում դավաճանության և մի քանի այլ հոդվածների մեջ մեղադրվող Իլյա Կիվան սպանվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին։ Կիվայի մարմինը հայտնաբերվել է ձյան մեջ՝ Սուպոնևո գյուղում։

  • Կիսվել: