երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Միջին քաղաքացին ՀՀ-ում բարելավել է իր կյանքը. Էդուարդ Հակոբյան

Միջին քաղաքացին ՀՀ-ում բարելավել է իր կյանքը. Էդուարդ Հակոբյան

Այո, երբ նայում ենք միջին աշխատավարձերին, աճեր կան, այսինքն՝ միջին քաղաքացին ՀՀ-ում բարելավել է իր կյանքը, իսկ եթե գնաճն էլ այդ անվանականից հանում ենք, այդ չափով բարելավում կա: Խոսքը միջին աշխատավարձերի համամատության մասին էր, ինչի մասին վարչապետը հնչեցրել էր: 

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք հետաքրքրվում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ արած հայտարարությամբ:

ՊԵԿ նախագահի խոսքով, սակայն, դա դեռ չի նշանակում, որ բոլորի մոտ համաչափ է՝ պարզապես ընդհանուր միտումն է այդպիսին: 

«Իրականում, այո՛, բարեկեցության, այդ առումով միջինում բարելավում կա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է գնաճի տեմպերին, ՊԵԿ նախագահը նկատեց՝ դա ՊԵԿ-ի աշխատանքի տիրույթում չէ, այլ գնաճի հետ աշխատող կառույցի՝ ԿԲ-ի տիրույթում է:

Հիշեցնենք՝ վարչապետը պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը մասնավորապես ասել էր՝ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով:

«2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173.996 դրամ, 2025 թվականի ապրիլին՝ 304.992 դրամ, միջին աշխատավարձի աճը կազմել է 130.000 դրամ կամ 75 տոկոս՝ 2018 թվականի ապրիլը 2025 թվականի ապրիլի նկատմամբ։
 
Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը, կուտակային գնաճը կազմել է 25 տոկոս: Սա թերևս հարցի պատասխանն է կամ կարող է մեզ օգնել պատասխանել հարցին, որովհետև մամուլում, սոցիալական ցանցերում, քաղաքական հարթակներում այս հարցը հնչում է, թե մարդիկ այսօր ավելի լա՞վ են ապրում, թե՞ ավելի վատ 2018 թվականի համեմատ։
 
Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով»,- մասնավորապես ասել էր վարչապետը:

  • Կիսվել: