երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ի՞նչ վնասակար ազդեցություն կարող են ունենալ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մարդու վրա

Ի՞նչ վնասակար ազդեցություն կարող են ունենալ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մարդու վրա

«Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասակար ազդեցություն ունենալ մեր օրգանիզմի համար՝ մասնավորապես կարող են առաջացնել բշտիկներ, այտուցվածություն, քոր, անգամ քաղցկեղի որոշ տեսակներ»։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի, հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը՝ խորհուրդ տալով քաղաքացիներին՝ օրվա շոգ ժամերին դրսում չգտնվել։

«Խոսքը ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 5-ին ընկած ժամանակահատվածի մասին է։ Որպես կանխարգելիչ միջոցներ առաջարկվում է կրել լայնեզր գլխարկներ, բաց գույնի բամբակյա հագուստ, օգտագործել քսուկներ՝ մաշկը պաշտպանելու համար։ Հարկավոր է շատ հեղուկներ՝ հատկապես ջուր օգտագործել։ Քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ովքեր ունեն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հետ կապված հիվանդություններ, պետք  է խորհրդակցեն իրենց բուժող բժշկի հետ, և օրվա շոգ ժամերը հնարավորության դեպքում անցկացնեն պառկած վիճակում, որպեսի հնարավոր լինի ապահովել օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը»,–հավելեց մասնագետը։

Ռուբեն Գրիգորյանի խոսքով, ուլտարամանուշակագույն ճառագայթների ազդեցության ռիսկի խմբում երեխաներն, տարեցներն ու հղիներն են. նրանց հատկապես խորհուրդ չի տրվում գտնվել արևի ճառագայթների ուղիղ ազդեցության ներքո։

Մասնագետը խորհուրդ տվեց արևապաշտպան քսուկներ ընտրելիս նախապատվությունը տալ 30 և ավելի բարձր spf ունեցող քսուկներին։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինիգի ազգային կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանի խոսքով, կենտրոնն ամեն օր կազմում է քարտեզ, որտեղ ինդեքսներով նշվում է մարզերում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը։

«Մինչև 4 ինդեքսի դեպքում ճառագայթման մակարդակը ցածր է, 6 ինդեքսը բարենպաստ մակարդակն է, 7-ը՝ անբարենպաստ մակարդակը, 8-10–ն արդեն վտանգավոր մակարդակն է»,–բացատրեց նախարարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով, հունիսին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսները սովորաբար բարձր են լինում. պատճառը արեգակի բարձր դիրքն է։ Սակայն այս տարի դեռևս ինդեքսների բարձրացում չի նկատվում։ Ճառագայթման ամենաբարձր ինդեքսը գրանցվել է հունիսի 1-ին։

  • Կիսվել: