երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրական փոփոխությունների համար իրական ջանքեր են պետք. Փարիզի խաղաղության ֆորումում Փաշինյանի խոսքը՝ ԼՂ կարգավորման մասին

Իրական փոփոխությունների համար իրական ջանքեր են պետք. Փարիզի խաղաղության ֆորումում Փաշինյանի խոսքը՝ ԼՂ կարգավորման մասին

Հայերը չեն հեռացել, նրանք փախել են Ադրբեջանից՝ առանց հագուստի, ի տարբերություն ադրբեջանցիների, որոնց հատկացվել են ավտոբուսներ, եւ որոնց ուղեկցել է ոստիկանությունը: Այս մասին, պատասխանելով ադրբեջանցի մասնակցի հարցին, Փարիզի խաղաղության համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 «Հայերին սպանում էին Ադրբեջանում Սումգայիթի ջարդերի ժամանակ, ավելի ուշ սպանությունները շարունակվել են Բաքվում եւ տրածվել Ղարաբաղում: Նրանք փախել են Ադրբեջանից առանց հագուստի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ապա, կառավարության որոշման համաձայն, ադրբեջանցիներն ապահովվել են ավտոբուսներով եւ նրանց ուղեկցել է ոստիկանությունը: Ոչ մի ադրբեջանցի չի տուժել»,-ի պատասխան ադրբեջանցի տղամարդու՝ այսպես ասաց Փաշինյանը, երբ նա պատմեց, որ ծնվել է Վարդենիսում, եւ իր ընտանիքը ստիպված է եղել հակամարտության սկզբին լքել Հայաստանը:

Փաշինյանը, ներկայացնելով վերոնշյալ տարբերությունները, ասաց, որ սա ցույց է տալիս հակամարտության էությունը:

Փարիզյան խաղաղության ֆորումի ժամանակ իր ելույթում վարչապետն անդրադարձավ նաև այն հարցին, որ Ադրբեջանի առաջնորդները հայտարարում են, թե ցանկանում են, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի մաս, սակայն հրաժարվում են բանակցել Ղարաբաղի ժողովրդի հետ: Դա, ըստ Փաշինյանի, տարօրինակ դիրքորոշում է, հատկապես երբ Բաքուն հրաժարվում է Ղարաբաղի հետ բանակցություններից նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով:

 «Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մասը: Շատ տարօրինակ դիրքորոշում է: Անհնար է հասկանալ՝ ինչու է Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում Ղարաբաղը ներառել իր տարածքում առանց մարդկանց հետ բանակցությունների: Ադրբեջանի առաջնորդներն ասում են, թե ցանկանում են, որ Ղարաբաղը լինի իրենց երկրի մասը, սակայն հրաժարվում են բանակցություններ վարել ժողովրդի հետ: Ի՞նչ է դա նշանակում: Նրանք ցանկանում են տարածքներ՝ առանց մարդկանց»,-նշեց Փաշինյանը:

Նա ասաց նաև, որ ԼՂ հարցի շուրջ իր՝ «Հայաստանի համար աննախադեպ հայտարարության» համար քննադատում են, խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Ինձ սուր քննադատության ենթարկեցին իմ երկրում: Ընդդիմությունը հարց է ուղղում՝ ինչո՞ւ Հայաստանի առաջնորդը պետք է մտածի Ադրբեջանի մասին: Ահա իմ անկեղծ եւ ուղիղ պատասխանը. եթե մենք ցանկանում ենք կայուն որոշում գտնել, մենք պետք է հաշվի առնենք բոլոր շահագրգիռ կողմերին: Ես հայտարարություն եմ արել՝ հույսով, որ մենք նման հայտարարություն կլսենք Ադրբեջանի ղեկավարությունից: Ալիեւի՝ նման հայտարարությունը կնշանակեր, որ բանակցային գործընթացում առաջընթաց կա»,- ասաց վարչապետը: Իհարկե, դա հեշտ խնդիր չէ, սակայն եթե մենք մեր ժողովուրդների ապագայի համար պատասխանատվություն ենք ստանձնում, դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք իրական ջանքեր գործադրել՝ իրական փոփոխությունների հասնելու համար»,-եզրափակեց Փաշինյանը:

Նշենք, որ այսօր աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և հանդես է եկել ելույթով: Համաժողովին ներկա են եղել նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: