հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ-ում Չեխիայի դեսպանը նույնպես կրկնել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

ՀՀ-ում Չեխիայի դեսպանը նույնպես կրկնել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի վերագործարկմանը: Այս մաիսն իր թվիթերյան էջում գրել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պերունչիկը։

Նա ներկայացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությունը և կրկին վերահաստատել, որ Ադրբեջանի իշխանությունների Աղդամով հումանիտար բեռ փոխադրելու պատրաստակամությունը ԵՄ–ն միայն ի գիտություն է ընդունել։

«ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում խիստ տուժել է, և կոչ է անում այն ամբողջությամբ վերսկսել, ներառյալ բժշկական տարհանումը և հումանիտար մատակարարումները»,- գրել է դեսպանը։

Ժոզեպ Բորելի հայտարարությունն է իր էջում տեղադրել նաև Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը։ Դիվանագետը նույնպես վերահաստատել է ԵՄ-ի դիրքորոշումը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։

Հիշեցնենք՝ երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա։

 

  • Կիսվել: