հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ն և Արցախը կապող 3-րդ ճանապարհի կառուցումը մեր ներքին գործն է և կարևորը՝ այն չունի ագրեսիվ բնույթ․ Արցախի արձագանքը եվրոպացի զեկուցողներին

ՀՀ-ն և Արցախը կապող 3-րդ ճանապարհի կառուցումը մեր ներքին գործն է և կարևորը՝ այն չունի ագրեսիվ բնույթ․ Արցախի արձագանքը եվրոպացի զեկուցողներին

Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը Արցախում կառուցվող ճանապարհի վերաբերյալ համարում է անլուրջ և ոչ օբյեկտիվ մի կարծիք։

«Եվրախորհրդարանի առանձին երեք պատգամավորի հայտարարությունը ցույց է տալիս, որ միջազգային հեղինակավոր այդ կառույցը չունի միասնական մոտեցում այդ հարցի շուրջ, առավել ևս նման ոչ օբյեկտիվ, կողմնակալ դիրքորոշում», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:

Ըստ Բաբայանի, սա երեք մասնավոր անձի սուբյեկտիվ, ադրբեջանամետ ու չի բացառվում նաև Բաքվում պատրաստված տեքստ է, որի տակ միայն նրանք են ստորագրել։

«Ի՞նչ է որևէ խնդիր չկա՞ տարածաշրջանում, որ ամեն ինչ թողել են ու անցել են այդ ճանապարհին։ Դա մեր ներքին գործն է, ճանապարհը կառուցում ենք մեր տարածքում։ Այդ ճանապարհը չունի ագրեսիվ բնույթ կամ նպատակ, դա սոցիալ-տնտեսական, մարդասիրական բնույթ է կրում», -ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Նա հակադարձում է այդ հայտարարության հեղինակներին․ «Ինչո՞ւ են նրանք պապանձված նստած, երբ վերջին շրջանում Ալիևը տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հայտարարություններ է անում։ Օրինակ՝ ասում է, որ Երևանը ադրբեջանական է, որ Ադրբեջանը երբեք չի ընդունելու այն փաստը, որ Երևանը նվիրել են հայերին։ Լավ, մի կողմ դնենք պատմության հետ աղերս չունեցող այդ հայտարարությունները, բայց փաստ է, չէ՞ որ նա անվտանգությանը սպառնացող հայտարարություններ է անում»:

Արցախի նախագահի խորհրդականը նույնիսկ չբացառեց, որ նման հայտարարության համար Բաքվի «խավյարային դիվանագիտությունն է» է գործի դրվել, ինչի մասին նախկինում շատ տարբեր դեպքերում բազմիցս ապացուցվել է։

Նման քայլերին հակադարձելու լավագույն բանաձևը, ըստ Բաբայանի, չվհատվելն է և հույսը սեփական հնարավորությունների ու ուժերի վրա դնելն է։

«Պետք է հույսներս չդնենք ինչ-որ կազմակերպությունների վրա, վարենք աշխարհաքաղաքական ճիշտ քաղաքականություն, խորացնենք հարաբերությունները մեր եղբայրական երկրների հետ», - հավելեց նա։

Նշենք, որ խոսքը Հայաստանը Արցախին միացնող երրորդ ճանապարհի կառուցման մասին է, որի վերաբերյալ վերջերս հայտարարեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Այդ ճանապարհը պետք է հայկական երկու հանրապետությունները կապի Կապանի և Հադրութի միջոցով: Այդ ճանապարհի շինարարության դեմ հայտարարություն էին տարածել Եվրախորհրդարանի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցեղները՝ նշելով, որ կառուցվող ճանապարհը չի նպաստի տարածաշրջանում վստահության և խաղաղության մթնոլորտի ստեղծմանը: Նրանք նաև քաղաքական շեշտադրումներ էին արել` պնդելով, որ արցախյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքի ներքո: Զեկուցողները օգտագործել էին նաև մի շարք քաղաքական երանգավորում ունեցող արտահայտություններ` օրինակ «Լեռնային Ղարաբաղը ր հարակից աօորինական օկուպացված շրջանները»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: