Հայաստանում նախատեսվում է իրականացնել առաջին դիակային փոխպատվաստումը. Անահիտ Ավանեսյան
Հայաստանում նախատեսվում է իրականացնել առաջին դիակային փոխպատվաստումը։ Այս մասին Եվրոպայի խորհրդի կողմից` ՀՀ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` հունիսի 6-ին կայացած «Օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների սկզբունքների վերաբերյալ» սեմինարին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հայաստանում նախատեսվում է առաջին դիակային փոխպատվաստումը, որը կլինի աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստումը։ Այստեղ էլ, այո՛, պետությունը որոշ չափով փոխհատուցելու է, որ մենք կարողանանք մեր քաղաքացիների համար հասանելի դարձնել այս հնարավորությունը, այս հնարավորությունը։ Եվ, իհարկե, հաջորդիվ երիկամների, լյարդի և մյուս օրգանների պարագայում»,- ասաց նախարարը։
Անահիտ Ավանեսյանը կարևորում է դիակային դոնորային փոխպատվաստումը Հայաստանում մի քանի հանգամանքներից ելնելով։
«Ինչո՞ւ ենք կարևորում. նախ` սրանք կյանք փրկող հնարավորություններ են, երկրորդ` այն այլ երկրներում իրականացնելը շատ թանկ միջամտություններ են և, ըստ էության, դառնում են անհասանելի մեր քաղաքացիների համար, բժշկագիտության զարգացումը և նման բարդ վիրահատություններն իրենք նաև խթան են հանդիսանում մեր բժշկության զարգացմանը»,- ասաց նախարարը։