Դոնորային փոխպատվաստման տենդենցը Հայաստանում ամեն տարի ավելանում է. նախարարը թվեր է ներկայացրել
Եվրոպայի խորհրդի կողմից` ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` հունիսի 6-ին տեղի ունեցած «Օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների սկզբունքների վերաբերյալ» սեմինարի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանելով այն հարցին, թե Եվրոպայի խորհրդի և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության շրջանակներում ինչ ներդրումներ են սպասվում Հայաստանում` նշել է.
«Հյուսվածքների, օրգանների փոխպատվաստման առումով շատ կարևոր է, թե պետությունն ինչ է նախատեսում։ Փոխհատուցման մասով, եթե չլինի պետական աջակցություն, ըստ էության, ծառայություններն այնքան թանկ են, որ դժվար կլինի պատկերացնել, որ ինքն իրեն այս ծառայությունը կզարգանա»,- նշեց նախարարը։
Առողջապահության նախարարը նշում է, որ դիակային դոնորային գործընթացը Հայաստանում դեռ սկսման գործընթացի մեջ է։ Ինչ վերաբերում է Հայաստանում կենդանի մարդկանց կողմից դոնորության միջոցով փոխպատվաստման իրականացմանը նախարարի ներկայացրած թվերը հետևյալն են.
Երիկամի փոխպատվաստում – 2022թ.-ին՝ 16, 2023թ.-ին՝ 20, 2024թ.-ին՝ 22, 2025թ.-ի մայիս ամսվա դրությամբ 8,
Լյարդի փոխպատվաստման -2022թ.-ին՝ 2, 2023թ.-ին՝ 5, 2024թ.-ին՝ 4, 2025թ.-ին՝ 0,
Ոսկրածուծի ցողունաբջիջների փոխպատվաստում – 2022թ.-ին՝ 27, 2023թ.-ին՝ 43, 2024թ.-ին՝ 57, 2025թ.-ին՝ 0:
Առողջապահության նախարարը նաև նշեց. «Տենդենցը, պետության կողմից մասնակցությամբ, ամեն տարի ավելանում է»: