շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախակենտրոնությունը պետք է դառնա հայ ժողովրդի ազգային քաղաքականության հիմքը․ Դավիթ Բաբայան

Արցախակենտրոնությունը պետք է դառնա հայ ժողովրդի ազգային քաղաքականության հիմքը․ Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական, նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը կարծում է, որ  Արցախի Հանրապետության օրը՝ սեպտեմբերի 2-ը, հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում ամենակարևոր օրերից, ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ Սեպտեմբերի 2-ն ազդարարեց Արցախյան ազգային-ազատագրական շարժման տրամաբանական մի ընթացք։ «Արցախի Հանրապետության հռչակումը մեր ազգային-ազատագրական իղձերի և նպատակների կարևոր փուլերից մեկն էր, կարելի է ասել՝ հիմքերից էր մեր հետագա զարգացման։ Այն նաև հիմք դրեց հայոց պետականության վերականգնմանը։ Գաղտնիք չէ, որ հենց արցախյան ազգային-ազատագրական շարժումը դարձավ հայոց անկախ պետականության վերականգման բնօրրան։ Այն նաև խորհրդանշում է ազգային-ազատագրական շարժման և ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման իրավական անթերի լուծումը, որովհետև իսկապես իրավական, քաղաքական, բարոյական, պատմական տեսանկյուններից մենք անթերի ենք իրացրել մեր իրավունքը»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Արցախի նախագահի խորհրդականն արձանագրում է՝ 44 օրյա պատերազմը լուրջ հարված հասցրեց հայոց պետականությանը, սակայն բոլորը պետք է հասկանան, որ Արցախի պահպանությունը հիմա գերխնդիր է հայ ժողովրդի համար։ «Արցախակենտրոնությունը պետք է դառնա հայ ժողովրդի ազգային քաղաքականության հիմքը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, որովհետև Արցախի կորուստը բերելու է անդառնալի հետևանքների»,- շեշտում է Բաբայանը։

 

Նրա խոսքով՝ իրավիճակն այս պահին իսկապես բարդ է, բայց այնպես չէ, որ Արցախը փրկելու հնարավորություն չկա։ «Հնարավորությունը կա, բայց դրա համար պետք է աշխատանք, նվիրվածություն։ Պետք է հասկանանք, որ շատ կարևոր է պրոֆեսիոնալ աշխատանքը և ազգի ու ժողովրդի արժանապատվության պահպանումը։

  • Կիսվել: