չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայերը չպետք է լինեն ուկրաինական հակամարտության կողմնակի զոհը. Օկամպո

Հայերը չպետք է լինեն ուկրաինական հակամարտության կողմնակի զոհը. Օկամպո

Հայերը չպետք է լինեն ուկրաինական հակամարտության կողմնակի զոհը։ Այս մասին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը նվիրված առցանց խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է անկախ միջազգային փորձագետ, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, Հարվարդի եւ Յեյլի համալսարանների նախկին պրոֆեսոր Լուիս Մորենո Օկամպոն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես ուսումնասիրել եմ խնդիրը։ Այն շատ պարզ է: Ժնեւյան կոնվենցիաների համաձայն՝ Ցեղասպանության ձեւերից մեկը խմբի ֆիզիկական ոչնչացման համար պայմաններ ստեղծելն է։ Հենց դա է տեղի ունենում Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում։ ՄՔԴ-ի որոշմամբ Լաչինի միջանցքը պետք է բացվեր, սակայն նրանք անտեսել են այդ որոշումը։ ԿԽՄԿ-ի հայտարարությունը հաստատում է, որ հնարավոր չէ պարենամթերք եւ դեղորայք տեղափոխել։ Սովը նույնպես ցեղասպանություն է։ Ինչպե՞ս կանխել այն: Պատասխանատվությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա է։ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն պետք է այնպես անեն, որ փոխեն իրավիճակը՝ չնայած նրան, որ ուկրաինական հակամարտությունը նրանց բաժանեց։ Հայերը չպետք է լինեն ուկրաինական հակամարտության կողմնակի զոհը։ Բայդենը ճանաչել է 1915թ. ցեղասպանությունը: Այժմ անհրաժեշտ է կանխել նոր ցեղասպանությունը՛՛:

Օկամպոյի խոսքով՝ Ադրբեջանը հրաժարվում է կատարել ՄՔԴ-ի որոշումը, եւ ՄԱԿ-ը պետք է միջոցներ ձեռնարկի։ Բոլորը կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը, նա անտեսում է դա։ ՛՛Ի՞նչ այլ ապացույցներ են անհրաժեշտ՛՛,-ասել է նա:

Անկախ միջազգային փորձագետի գնահատմամբ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն պետք է ապահովեն Լաչինի միջանցքի ազատ գործունեությունը ռուս խաղաղապահների հովանու ներքո: Փորձագետը կրկնել է, որ ԱՄՆ-ն պետք է օգնի խաղաղապահներին կատարել իրենց գործառույթները:

  • Կիսվել: