Եռատոնի առթիվ Ստեփանակերտում կազմակերպվել է մշակութաժամանցային միջոցառում
Այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնում «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի կողմից եռատոնի կապակցությամբ կազմակերպվել է մշակութաժամանցային միջոցառում։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը նշել է, որ միջոցառումն իրականացվում է «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագրի շրջանակներում։
«Ներգրավված են մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների շուրջ 130 աշակերտներ։ Նրանք «Իմ անուշ հայրենիք», «Ես տեր եմ մեր հաղթանակներին», «Ծաղիկներս նահատակաց» թեմաների շրջանակում իրենց ապրումներն ու զգացածը վրձնի միջոցով հանձնում են թղթին։ Օրվա խորհրդով մի մի խումբ մասնակիցներ պատրաստել են նաև բացիկներ»,-ասել է Թ. Գասպարյանը՝ հավելելով, որ միջոցառմանն աջակցում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նախաձեռնության մասնակից Ստեփանակերտի համար 12 դպրոցի աշակերտ Գրիշա Սահակյանը մեզ հետ զրույցում ասել է, որ մեծ ուրախությամբ է մաս դարձել տոնական միջոցառման։ Նա շնորհավորել է բոլորին մայիսյան եռատոնի կապակցությամբ՝ հայոց բանակին ուժ և ամրություն մաղթելով։