հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է 2021թ. անասնաբուժության և անասնաբուծության ոլորտում իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները

Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է 2021թ. անասնաբուժության և անասնաբուծության ոլորտում իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է 2021 թվականի անասնաբուժության և անասնաբուծության ոլորտում իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները:

յս մասին տեղեկացնում են ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից:
 
«Կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովման, ինչպես նաև կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխման նպատակով Արցախի Հանրապետությունում պետպատվերի շրջանակում իրականացվել են հակաանասնահամաճարակային կանխարգելիչ պարտադիր միջոցառումներ՝ 14 հիվանդությունների նկատմամբ (բրուցելոզ, տուբերկուլոզ, սիբիրախտ, դաբաղ, էմկար, պաստերելոզ խեկ, պաստերելոզ խոզ, ՊՊԴ, բրադզոտ, ժանտախտ խոզերի, կեղծ ժանտախտ H, կատաղություն, մատղաշների պնեվմոենտերիտ, դեղնախտ):
 
Ընդհանուր հաշվով, 2021 թվականին անասնաբույժների կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումների շրջանակում կատարվել է շուրջ 500 000 կանխարգելիչ սրսկում և 46 250 գլուխ խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների արյան նմուշի շիճուկաբանական հետազոտություն՝ բրուցելոզ հիվանդության բացահայտման նպատակով: Մասնավորապես, սերոլոգիական քննության է ենթարկվել խոշոր եղջերավոր կենդանիների 20 923 արյան նմուշ, որից դրական 97 և մանր եղջերավոր կենդանիների 25 327 արյամն նմուշ, որից դրական 229:
 
Տարեսկզբին հանրապետության տարածքում արձանագրվել են կատաղություն, բրուցելոզ, ծաղիկ  հիվանդությունների համաճարակի դեպքեր: Դրանց տարածման կանխման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում համաճարակաբանական իրավիճակը կարճ ժամկետում կայունացել է:
 
Անասնաբուծության ոլորտում կյանքի են կոչվել մի քանի առանցքային նշանակության ծրագրեր՝ ուղղված հետպատերազմյան կորուստների վերականգնմանը, անասնագլխաքանակի աճի ապահովմանը, անասնաբուծության վարման մեթոդների արդիականացմանը, արոտների բարեկարգմանը:
 
«Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում»միջոցառման շրջանակում, որի նպատակն է տեղական նախրի բարելավումը և խոզերի վերարտադրության կազմակերպումը, իրականացվել է 310 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների  և 100 գլուխ խոզերի արհեստական սերմնավորում:
 
Տեղական անասնագլխաքանակի տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման նպատակով 2021 թվականին Արցախում գործող տոհմային տնտեսություններից («Տոհմային կայան» ՓԲԸ և «Արմ-Ագրո» ՍՊԸ) պետական աջակցության ծրագրով շրջանների ֆերմերներին արտոնյալ պայմաններով տրամադրվել է 152 գլուխ տոհմային կենդանի, այդ թվում՝ 10 գլուխ տոհմային ցուլ, 16 գլուխ տոհմային կով, 94 գլուխ տոհմային հորթ, 6 գլուխ տոհմային երինջներ և 26 գլուխ տոհմային մատղաշ:
 
«Արցախի Հանրապետություն ներմուծվող տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի» շրջանակում ընթացքավորվել են 3 պայմանագրեր: Արդյունքում, 2021 թվականին  Ավստրիայից  Արցախ են  ներկրվել  120  գլուխ տոհմային հղի երինջներ՝  ֆլեգվի ցեղատեսակի:
 
Նշված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է անասնագլխաքանակի որոշակի աճ. խեկ՝ 3,4%, այդ թվում կովեր՝ 10.3%, խոզեր՝ 25,6%, մեկ՝ 11,7%, թռչուններ՝ 103%, մեղվաընտանիք՝ 29%:
 
«Անասնաբուծության կանոնակարգում և արոտների կառավարում ծրագրի»  շրջանակում աշխատանքներ են իրականացվել Մարտունու և Մարտակերտի շրջանների թվով 11 համայնքներում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 109 հա արոտների մաքրում, 6030 մետր միջդաշտային ճանապարհների բարեկարգում, 6065  մետր ճանապարհների փշալարապատման և 42 ջրման կետերի կառուցման աշխատանքներ:
 
«Սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակման արտադրամասերի կառուցման, անասնաշենքերի կառուցման, վերակառուցման ու վերանորոգման արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի» շրջանակում ընթացքավորվել են 21 անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և վերանորոգման վերաբերյալ դիմում-հայտեր, որոնցից 7-ը վերանորոգման, 2-ը վերակառուցման, 12-ը կառուցման վերաբերյալ:
 
Անասնապահության զարգացման խթանման ծրագրի» շրջանակում ընդունվել է 31 դիմում-հայտ, ուղղված մեծամասամբ անասնաշենքերի էլեկտրաֆիկացմանը, ապա ջրաֆիկացմանը: Իրականացվել են թվով 10 անասնաշենքերի ջրաֆիկացման և թվով 21 անասնաշենքերի էլեկտրաֆիկացման աշխատանքներ, այդ թվում, 6-ը՝ արևային էներգիայով:
 
Մեծ ուշադրություն է դարձվել անասնաբույժների վերապատրաստման և վերաորակավորման գործընթացին. 2021 թվականին Արցախի անասնաբույժները մասնակցել են «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ կողմից «Արցախի Հանրապետությունում մասնավոր անասնաբուժության կայուն սպասարկում» թեմայով դասընթացների, ինչպես նաև «Բալահովիտ»  ուսումնափորձնական տնտեսության կաթնամթերքի վարպետաց դպրոցում՝ «Թթու կաթնամթերք և պանրագործություն» թեմայով կարճաժամկետ դասընթացի»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: