երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով. Արցախի ԱԺ նախագահ

Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին։

«Արցախի Հանրապետությունում ապրող ժողովրդի հիմնական մեղքը նրանում է, որ մենք անմեղ ենք:

Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով: Այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով:

Մի առիթով Արցախի Հանրապետության  նախագահներից մեկն ասել է.«Բանտը մարդու համար է»: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի հունիսի 15-ը մենք գտնվում էինք այդ բանտում, 2023 թվականի հունիսի 15-ից մինչև այս պահը՝ համակենտրոնացման ճամբարում: Սա մարդու համար չէ:

Համաշխարհային պատմության մեջ ունենք ֆաշիստական Գերմանիայի օրինակը, որի մարդկության դեմ ուղղված  հանցագործությունները դատապարտվել են  ողջամիտ աշխարհի կողմից:

Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի ու գոյութենաբանական խնդրի առջև: Վտանգված է  մեր ֆիզիկական գոյությունը, կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը:

Հայի այս տեսակը՝ խաղաղասեր, աշխատասեր ժողովուրդ է, որ միշտ իր կյանքը կառուցել է քրտնաջան աշխատանքով, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների մղումով:

Միայն քաղաքական լուծումները կարող են խաղաղություն բերել տարածաշրջան: Անհապաղ միջոցներ ձեռնարկեք, մենք հավատում ենք ձեզ»,- ասվում է ուղերձում։

  • Կիսվել: