շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախն ու Օվերն-Ռոն-Ալպը ստորագրեցին համագործակցության պայմանագիր

Արցախն ու Օվերն-Ռոն-Ալպը ստորագրեցին համագործակցության պայմանագիր

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Ֆրանսիական Հանրապետության Օվերն-Ռոն-Ալպ շրջանային Խորհրդի նախագահ Լորան Վոքիեի հետ։

Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ կատարելով օտարերկրյա պետությունների վարչատարածքային միավորների հետ համագործակցության հաստատման գործընթացին՝ կարևորելով այն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների անխոչընդոտ իրացման, Արցախի համայնքների արդյունավետ կենսագործունեության և միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության տեսանկյունից։

Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում, մասնավորապես, նշվում է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրա կողմից իր հիմնարար իրավունքների և ազատությունների իրացումն ու հակասում ազատության, հավասարության և համագործակցության ոգուն, առանց որոնց տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատումն անհնար է:

Կողմերն ընդգծում են միջազգային համագործակցության կարևորությունը՝ ժողովուրդների միջև խաղաղ հարաբերությունների և բարեկամության զարգացման, լայնախոհության և հանդուրժողականության, ինչպես նաև տնտեսական բարգավաճման խթանման տեսանկյունից։ 

Հռչակագրում անդրադարձ է կատարվում նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, մասնավորապես, համոզմունք է հայտնվում, որ Արցախի իշխանությունների վերստին ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին  առավել բարենպաստ պայմաններ կստեղծի ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։

Հռչակագրին միացել են նաև Օվերն-Ռոն-Ալպ շրջանի մի շարք քաղաքների քաղաքապետեր։

Օվերն-Ռոն-Ալպը Ֆրանսիայի 18 շրջաններից մեկն է, որը գտնվում է երկրի հարավ-արևելյան մասում։ Շրջանի մակերեսը  69.711 քառ. կմ է, այն ունի 7.8 միլիոն բնակիչ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: