երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի  ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1043 զանգ: Կանչերից 11-ը տեխնածին, 36-ը՝ կենցաղային բնույթի են:

Նշված ժամանակահատվածում հրդեհի վերաբերյալ 3 կանչ է գրանցվել՝ 2-ը խոտածածկ տարածքում, և մեկ դեպք՝ բնակելի շինությունում: Տուժել է մեկ քաղաքացի: Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարներն արձագանքել և իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, իսկ հրդեհի հետևանքով տուժած քաղաքացուն, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբի ծառայողները բժշկական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Մեկ շաբաթվա ընթացքում, օձերի հայտնաբերման 5 դեպք է գրանցվել: Վիճակագրության համաձայն, սողունների հայտնվելու մասով կանչերի մեջ գերակշռում են բնակելի տարածքներից հայտնաբերման դեպքերը: ԱԻ ծառայությունը խորհուրդ է տալիս տանը կամ տնամերձ այգիներում, հասարակական վայրերում օձ նկատելու դեպքում՝ անմիջապես զանգահարել ծառայության թեժ գիծ՝ 911 կարճ հեռախոսահամարին:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում տեղացած կարկուտի և քամու ուժգնացման հետևանքով, Ստեփանակերտում ցանկապատ է շրջվել, Ասկերանի և Մարտունու շրջաններում վնասվել են տան տանիքներ, էլեկտրալարեր և ծառեր: Բնական աղետի հետևանքները մեղմացնելու նպատակով, փրկարարները իրականացրել են անհետաձգելի վթարափրկարարական աշխատանքներ:

Հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 7 դռան և 8 վերելակի բացում:

Փրկարարների օգնությամբ 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերել են շուրջ 246 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք, որին զուգահեռ, բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով՝ իրականացվում է տարածքների մաքրման աշխատանքներ:

Հետադարձ կապ՝ 911, 101, 112, /047/94-09-11

  • Կիսվել: