երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անորոշության մեջ ապրում ենք, մեկ-մեկ փորձում ենք մոռացության տալ, թե ինչի մեջ ենք․ Արցախի Լիսագոր գյուղի գյուղապետ

Անորոշության մեջ ապրում ենք, մեկ-մեկ փորձում ենք մոռացության տալ, թե ինչի մեջ ենք․ Արցախի Լիսագոր գյուղի գյուղապետ

Անորոշության մեջ ապրում ենք, մեկ-մեկ փորձում ենք մոռացության տալ, թե ինչի մեջ ենք ապրում, որ գոնե ապրել կարողանանք։ Այս մասին 24news-ին ասել է կրկնակի շրջափակման մեջ գտնվող Արցախի Լիսագոր գյուղի գյուղապետ Գագիկ Նասիբյանը։

«Ամեն մարդ իր ամենօրյա աշխատանքով է զբաղված, մի մասը մեղվաբուծությամբ, մյուսը՝ այգեգործությամբ։ Ճիշտ է, մի քիչ հուսահատված ենք, մտածմունքների մեջ ենք, բայց հասկանում ու ընդունում ենք իրավիճակը»,- պատմում է համայնքի ղեկավարը։

Լիսագորի ղեկավարից հետաքրքվեցինք՝ ի՞նչ տրամադրություններ են գյուղում, արդյոք կա՞ն մարդիկ, ովքեր ցանակնում են դուրս գալ Արցախից․ «Չկան էդպիսի մտադրություններ, մեծ մասամբ դա պայմանավորված է իրենց հնարավորություններով։ Որ հարցնում ես, ասում են՝ ու՞ր գնանք, որտե՞ղ ապրենք, մեր տունն էստեղ է, հողը, ապրուստը, ունեցվածքը»։ Այս պահին գյուղում սննդամթերքի որոշակի քանակություն կա, համայնքապետի խոսքով, խնայողաբար են օգտագործում․ «Վերջերս կառավարության աջակցությամբ գյուղացիներին տրվեց սննդամթերք, պարենամթերք, դեղորայք, դեռևս ունենք պաշար, խնայողաբար ենք օգտագործում, ունեցածով բավարարվում ենք։ Շարունակվելու դեպքում, իհարկե, կունենանք ամեն ինչի խնդիր։ Ճիշտ է, հիմա կա ծխախոտի պակաս, դիզվառելիքի խնդիր, բայց սննդի հետ կապված առայժմ խնդիր չունենք»։

Արցախում ամեն օր իրավիճակը սրվում է առողջական խնդիր ունեցող անձանց շրջանում էլեկտրաէներգիայի ու գազի անջատումների հետևանքով պլանային վիրահատություններ տեղի չեն ունենում, թեև Լիսագորում այս պահին իրավիճակը վերահսկելի է, բայց կարող է ամեն պահի վատթարանալ․ «Հիմնականում էդպես խրոնիկ հիվանդներ չունենք, թեթև առողջական խնդիրներ ունեցողներ են, բայց լինելու դեպքում էլ տեղում՝ բուժկետում, համապատասխան բուժօգնություն են ստանում։ Եթե կարիք լինում է Ստեփանակերտ տեղափոխելու, կա տարբերակ՝ շաբաթը մեկ անգամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնում են մայրաքաղաք, հետ են գալիս»,- մանրամասնում է Գագիկ Նասիբյանը։

Երեխաներից ևս հարցրինք՝ ի՞նչ են անում, ինչպե՞ս են դիմակայում․ «Էստեղ էլ կա քաղցրի հետ կապված խնդիր։ էստեղի երեխաներն էլ նույնն են, ինչ Ստեփանակերտում (նկատի ունենալով տարածվող տեսանյութերը, որոնցում երեխաները գոնե մեկ կոնֆետ են խնդրում ծնողներից ուտելու համար), ի՞նչ տարբերություն՝ նույն ցանկություններն ունեն, բայց հիմնականում ծնողները թե՛ խոսելով, թե՛ շեղելու միջոցով բացատրում են, որ հիմա հնարավորություն չկա։ Չնայած՝ երեխան ի՞նչ է հասկանում՝ «կառուսել չկա»-ն, կամ «էս ինչ բանը չկա»-ն, բայց, այնուամենայնիվ, էդ պրոցեսը պետք է հաղթահարվի․ «հիմա չկա՝ չպետք ա ուտենք», էդ տարմաբանությամբ ենք շարժվում»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը։

Մեկ շաբաթվա մեջ երկու դեպք արձանագրվեց, երբ մեր հայրենակիցները գերեվարվում են ադրբեջանցիների կողմից, ըստ Բաքվի՝ նրանք իրենց տարածքն են խախտել, հավանականություն կա՞, որ երկկողմանիորեն շրջափակված Լիսագորում գյուղացիները կմոլորվեն ու կգրեվարվեն հարցին ի պատասխան՝ գյուղապետը նշեց․ «Մեզնից հեռու է Հաակարիի կամուրջը, բայց դե մեր բնակիչներն էլ ամենքն իրենց տեղում գիտեն՝ որտեղ կարող է սահմանը հատվի, որտեղ՝ չէ։ Փորձում են զգույշ լինել»։

  • Կիսվել: