չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Թրամփը հերքել է ԶԼՄ-ների հրապարակումները, թե ամերիկյան հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագրի հիմքերը

Թրամփը հերքել է ԶԼՄ-ների հրապարակումները, թե ամերիկյան հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագրի հիմքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ամերիկյան մի շարք լրատվամիջոցների, որոնք հետախուզության իրենց աղբյուրներին հղումով հայտնել էին, թե ամերիկյան ավիահարվածները չեն կարողացել վերացնել իրանական միջուկային ծրագրի առանքային բաղադրիչները։ Թրամփն այս թեմայի շուրջ գրառում է կատարել Truth Social հարթակում։

«Կեղծ լուրեր տարածող CNN-ը, ձախողված New York Times-ի հետ համատեղ, փորձել են նսեմացնել պատմության մեջ ամենահաջողված ռազմական հարվածներից մեկը։ Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացված են», գրել է ԱՄՆ նախագահը։

CNN-ն, ամերիկյան հետախուզությանը հղում անելով, հայտարարել էր, որ հարստացված ուրանի պաշարները չեն վնասվել։ Այլ աղբյուրները հայտնել էին, որ ամերիկյան հարվածները չեն վերացրել միջուկային ծրագրի գլխավոր բաղադրիչները և ընդամենը մի քանի ամսով են հետաձգել միջուկային ծրագրի զարգացումը։

Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտներին՝ ուղղակիորեն ներգրավվելով Իսրայելի և Իրանի միջև հունիսի 13-ից սկսված հակամարտությանը։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնության ձեռք բերման մասին։  

 

  • Կիսվել: