Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է ԱԷՄԳ–ի հետ համագործակցությունը կասեցնելու օրինագծի պլանը
Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է օրինագծի ընդհանուր պլանը, որի նպատակն է կասեցնել Իրանի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ՝ ի պատասխան Իրանի տարածքի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետ կապված ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի գործողությունների, հաղորդում է Mehr-ը։
Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզաեիի խոսքով՝ ծրագիրը հաստատվել է օրենսդիրների կողմից երկուշաբթի օրը կայացած նիստում մանրամասները քննարկելուց հետո։
Օրինագիծը, եթե այն հաստատվի, կպահանջի, որ կառավարությունը կասեցնի ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը մինչև Թեհրանին չտրամադրվեն գործակալության մասնագիտական վարքագծի իրական երաշխիքներ։ Ռեզաին ասել է, որ Իրանը, ըստ ծրագրի, չի կարող համագործակցել իր միջուկային օբյեկտներում տեսախցիկներ տեղադրելու, ստուգումներ անցկացնելու, տեսուչներին մուտք գործելու թույլտվություն տալու կամ գործակալությանը զեկույցներ ներկայացնելու հարցում մինչև բոլոր միջուկային օբյեկտների անվտանգությունը երաշխավորված չլինի։
«Որոշումը կայացվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի մի քանի միջուկային օբյեկտների վրա հարվածներից հետո, որոնք խախտում են միջազգային իրավունքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը», - գրել են իրանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումից հետո ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ խնդրելով նրան հանդիպում և նշելով գործակալության կողմից Թեհրանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը։