չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Փրկիչը, անշուշտ, հերթական անգամ «փրկելու» էր` համապատասխան գնի դիմաց. Կոնջորյանը՝ հեղաշրջման պլանի մասին

Փրկիչը, անշուշտ, հերթական անգամ «փրկելու» էր` համապատասխան գնի դիմաց. Կոնջորյանը՝ հեղաշրջման պլանի մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Քննչական կոմիտեի հաղորդագրությանն այն մասին, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

«Այս եղկելի պլանի իրագործման դեպքում Հայաստանում ստեղծելու էին քաոս, իսկ հետո, ժանրի կանոնների համաձայն, երկիրը «կործանումից» փրկելու համար դիմելու էին հայտնի փրկչին:

Փրկիչը, անշուշտ, հերթական անգամ «փրկելու» էր` համապատասխան գնի դիմաց: Այդ գինը լինելու էր պետության լուծարումն ու այստեղ որևէ ծայրապետ նշանակելը` ի դեմս կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնությունից ծնված մի հակապետական ոչնչության: Ծոծրակներդ կտեսնե´ք Դալմայի տաղավարներում ցուցադրված, բայց պետության վախճանը չեք տեսնի, հակապետական մանկուրտներ»:

Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
Ինչպես հայտնել էինք, «Ընդդիմության հեղաշրջման պլանին» վերաբերող հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Այս մասին «Լուրեր»-ին տեղեկացրել էին Դատախազությունից:

Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.

«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ:

  • Կիսվել: