ԱՄՆ-ի «դավադրությունները» արդյունքի չեն հանգեցնի․ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Օմանի սուլթան Հայթամ բին Տարիկի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի «դավադրությունները» հաջողության չեն հասնի։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Օմանի սուլթանության հստակ դիրքորոշումների և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին շարունակական աջակցության համար։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր հարևան և տարածաշրջանային երկրներին, ինչպես նաև իսլամական երկրներին համարում է եղբայրներ և չունի նրանց հետ առճակատման կամ լարվածության սրման մտադրություն», - ասել է նա։
Փեզեշքիանը նաև անդրադարձել է Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցրած հարվածին, որն իրականացվել էր՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա գրոհի։
«Ամերիկայի անմիջական միջամտությունը սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիային ստիպեց Իրանին պատասխանել, չնայած մենք դա չէինք ցանկանում անել։ Ես այս դիրքորոշումը բացատրեցի Կատարի էմիր շեյխ Թամիմին հեռախոսազրույցի ժամանակ և ցավակցություն հայտնեցի նրան տեղի ունեցածի համար», - հավելել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանն իսլամական երկրները միմյանց դեմ հանելու ջանքերը որակել է որպես «սիոնիստական ռեժիմի և Ամերիկայի կողմից չարամիտ դավադրություն»՝ ընդգծելով, որ «տարածաշրջանի առաջնորդների գիտակցությունն ու իմաստությունը կխանգարեն այդ ծրագրերի հաջողությանը»:
Իր հերթին Օմանի սուլթանն ընդգծել է, որ երկիրը լիովին գիտակցում է, որ Իրանը մտադիր չէր հարձակվել Կատարի վրա։ Նա վստահություն է հայտնել, որ Կատարի ղեկավարությունը «լավ գիտակցում է դա»:
Օմանի սուլթանը հավելել է, որ իրենք տարածաշրջանի մյուս երկրների հետ միասին աջակցում են Իրանի ժողովրդի իրավունքները վերականգնելու ջանքերին։