Հեղաշրջման փորձ չի եղել, բոլորը քաղաքական հետապնդումներ են. Փաշինյանի նախկին խորհրդական
«Սրբազան պայքար» շարժման կողմից հեղաշրջման ոչ մի փորձ չի եղել, դժբախտաբար դրանք բոլորը քաղաքական հետապնդումներ են։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում քաղաքական հետապնդումների մասին թող մտածեն 2021 թվականին այն 680.000 քաղաքացիները, որոնք վերընտրեցին ներկայիս իշխանություններին։
«Այդ մարդկանց թվում էր, թե իրենք ժողովրդավարության համա՞ր են ընտրություն կատարում, կամ որպես նվաճում ներկայացնում են, թե իբր խոսքի ազատություն կա Հայաստանում։ Այս ամենը պարզապես քաղաքական հետապնդումներ են»,–ասաց Գասպարյանը։
Նրա խոսքով` Հայաստանում ընդդիմադիր շարժումների մեջ «Սրբազան պայքարը» ամենաազդեցիկն է ոչ միայն նրա համար, որ հոգևորական է ղեկավարում, այլ որ շարժումը չունի որևէ տնտեսական շահ, շարժման ղեկավարությունը երբևէ չի եղել տնտեսական գործարքների մեջ։
«Խոսքը շատ անկեղծ շարժման մասին է, որը առաջացել է Տավուշի մարզում միակողմանի տարածքների զիջման հետևանքով։ Այս ամենը ունի պատճառահետևանքային կապ նրանց դեմ տարվող քաղաքական հետապնդման հետ»,–ասաց Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդականը։