չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Իրանի հարևան երկրներում ռադիոակտիվ աղտոտվածություն չի արձանագրվել. Գրոսի

Իրանի հարևան երկրներում ռադիոակտիվ աղտոտվածություն չի արձանագրվել. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ԱԷՄԳ) Իրանին սահմանակից երկրներում ռադիոակտիվ աղտոտվածություն չի հայտնաբերել հունիսի 22-ին իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածներից հետո։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Հասանելի տվյալների հիման վրա ԱԷՄԳ-ն կարող է վստահեցնել, որ (խմբ.՝ Իրանի) հարևան երկրների բնակչության և շրջակա միջավայրի վրա ռադիոակտիվ ազդեցություն չի եղել։ Ատոմային անվտանգության համատեքստում կարևոր է նշել, որ Իրանի հետազոտական ​​և էներգետիկ ռեակտորները չեն ենթարկվել հարձակման», - ասել է Գրոսին հունիսի 24-ին ԱԷՄԳ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, ԱԷՄԳ-ն հայտնել է Նաթանզի և Ֆորդոյի օբյեկտներում հարվածի լրացուցիչ կետեր հայտնաբերելու մասին։ Նաթանզում հայտնաբերվել է հարվածի երկու անցք, որոնք առաջացել են ուրանի ստորգետնյա պահեստավորման և հարստացման սրահների վերևում ամերիկյան ավիահարվածներից։ ԱԷՄԳ-ն նշում է, որ «հարվածը կարող էր տեղային աղտոտում առաջացնել և քիմիական վտանգներ ստեղծել»։

Ֆորդոյում, ԱԷՄԳ-ի գնահատմամբ, հարվածի տակ են ընկել մուտքի ճանապարհները և օբյեկտի մուտքը։

Գրոսին նաև նշել է, որ Իրանի միջուկային գործունեության շուրջ վեճի լուծման դիվանագիտական հաջող համաձայնության հասնելու համար շատ կարևոր է ԱԷՄԳ-ի հետ Թեհրանի համագործակցության վերսկսումը։ Նա հիշեցրել է, որ նամակ է հղել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին և առաջարկել հանդիպել։ 

Fox News-ին տված հարցազրույցում նույնպես Գրոսին հայտնել է, որ Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են կրել ամերիկյան հարվածներից։

Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտներին՝ ուղղակիորեն ներգրավվելով Իսրայելի և Իրանի մեջ հունիսի 13-ից սկսված հակամարտությանը։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնության ձեռք բերման մասին։ 

 

  • Կիսվել: