հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկում է «Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկում է «Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հերթական ծրագիրն է «Սեր Արցախ» բարեգործական նախագիծը, որի շրջանակում Արցախում ծնված յուրաքանչյուր փոքրիկ ստանալու է իր առաջին նվեր-տուփը:

Այս ծրագրի խորհուրդն է արժևորել պատմական հողի վրա ընտանիքներ կազմելու և երեխաների ապագան այստեղ կերտելու դերն ու կարևորությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են հիմնադրամից, նախագիծը մեկնարկելու է հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը` ի նշան 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված և իրենց հայրենի հողին նոր կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության և պատասխանատվության։
«Ծրագիրը չպետք է ընկալվի որպես կանոնավոր նվիրատվություն կամ բարեգործական նախաձեռնություն։ Այն ունի այլ նպատակ. կարևոր է, որ յուրաքանչյուր դոնոր նվիրաբերություն կատարի այն զգացումով, որ տուփն իր սեփական ընտանիքի նոր անդամի համար է»-նշել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը:
Նշվում է, որ նվեր-տուփերում ներառված բոլոր պարագաները բարձրորակ հայկական արտադրանք են և ձեռք են բերվում Հայաստանում ու Արցախում: Յուրաքանչյուր տուփ ներառում է գիշերանոց, քնապարկ, սրբիչներ, վերմակ, խնամքի հիմնական պարագաներ (անձեռոցիկներ, մանկական շամպուն, ջերմաչափ և ծծակ), ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաներ, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով պատրաստված փափուկ մանկական գրքեր և փայտե անիվներով խաղալիքներ:
Նախաձեռնության գործընկերներն են «Lalunz ՍՊԸ», «Play Artsakh», «Tmblik», «Theopharma Imports ՍՊԸ» կազմակերպությունները:

  • Կիսվել: