հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ Աժ քննարկմանն է ներկայացվել «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

ԱՀ Աժ քննարկմանն է ներկայացվել «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

Նոյեմբերի 26-ին  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գեղամ Ստեփանյանի  նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։

Նիստի քննարկմանն էր ներկայացվել             «Արցախի Հանրապետության  2022թ պետական բյուջեի մասին»  ԱՀ օրենքի նախագիծը։
 
Օրինագիծը Հանրապետության նախագահի կողմից լիազորված էր ներկայացնելու ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանին։ Նախարարը նշել է, որ օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով համավարակի և 2020թ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի բացասական հետևանքները, ինչպես նաև պետության առջև ծառացած մարտահրավերները։ 2022թ պետական բյուջեի ծախսերն ուղղված են լինելու բնակչության  անվտանգության ապահովմանը, կայուն տնտեսական աճ ապահովող և տնտեսության արագ զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը, քաղաքացիների՝  բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունների ու կարողությունների ընդլայնմանը, պետականաշինությանն ու պաշտպանունականությունն ապահովող ինստիտուտների զարգացմանը։
 
Անդրադառնալով   2021թ մակրոտնտեսական ցուցանիշներին՝  Վահրամ Բաղդասարյանը խոսել է  տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված  տնտեսական անկման մասին, որի արդյունքում 2021թ 1-ին կիսամյակի  ՀՆԱ-ն նվազել է 28,3%-ով՝ կազմելով 98,8 մլրդ դրամ։ ՀՆԱ –ի բացասական հավելաճ գրանցվել է հիմնականում արդյունաբերության ճյուղի հաշվին՝ 13,9%, շինարարության ճյուղի հաշվին՝ 0,4%, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկորսության  ճյուղի հաշվին՝ 5,0%, առևտրի և ծառայությունների ճյուղի հաշվին՝ 8,1 տոկոս :  Ֆինանսների նախարարի խոսքով ՝  2021թ ՀՆԱ–ն կկազմի 236,5 մլրդ դրամ՝ հանգեցնելով  շուրջ 17,3 տոկոս տնտեսական անկման՝ 5,5 տոկոս դեֆլյատորի պայմաններում։
 
2022թ ՀՆԱ–ի ծավալը ըստ կանխատեսումների կկազմի 263,7 մլրդ դրամ, աճը՝ մոտ 80 տոկոս ՝ կանխատեսվող 3,2 տոկոս դեֆիլյատորի դեպքում։ Կանխատեսվել է գնաճ 3 տոկոսի սահմաններում։
«2022 թ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 184 մլրդ 3000 մլն դրամ, ծախսերը՝ 214 մլրդ 662,3մլն դրամ, դեֆիցիտը կկազմի 30մլրդ 3623մլն դրամ, որը կֆինանսավորվի փոխառու միջոցների հաշվին», - նշել է ֆինանսների նախարարը։
 
2022թ պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 40,3 մլրդ դրամի չափով, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը  կկազմեն 40,0 մլրդ դրամ, որը 2021թ համար պլանավորված եկամուտներից ավել է շուրջ 24 անգամ, իսկ սպասվող եկամուտներից ՝ 33 տոկոսով; Բյուջետային վարկի չափը 2022թ կկազմի 144,0 մլրդ դրամ նախորդ տարվա համար հաստատված ցուցանիշի համեմատ 79 մլրդ 2193 մլն դրամով ավել։
 
Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 214 մլրդ 662,3 մլն դրամ, որը ավել    է նախորդ տարվա հաստատված պետական բյուջեի ծախսերից 62․2 %-ով: ՀՆԱ –ում ծախսերի մակարդակը  կկազմի 81,4,%՝ 2021թ 58,9%-ի դիմաց:
 
2022թ պետական  բյուջեի հիմնական ծախսային գերակայությունները ըստ ոլորտների հետևյալն են՝
Գյուղատնտեսություն՝ 6 մլրդ 139,7 մլն դրամ
 
Տնտեսական զարգացման ծրագրեր՝ 366,8 մլն դրամ
 
ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար, «Էլեկտրաէներգիայիգազաֆիկացմանկապի ծառայությունների սուբսիդավորում» ծրագրի  ծախսերը կկազմեն  7 մլրդ 800,0 մլն դրամ / 2022թ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը/
 
Արցախի ներդրումային հիմնադրամ՝ 4․0 մլրդ դրամ
 
Կապիտալ ներդրումներ՝ 34,5 մլրդ դրամ
 
Սոցիալական պաշտպանություն՝ 52 մլրդ 564․2 մլն դրամ
 
Առողջապահություն՝ 15 մլրդ 500,0 մլն դրամ
 
Կրթություն՝ 17 մլրդ 264,1 մլն դրամ
 
Մշակույթ, երիտասարդություն և սպորտ՝ 1 մլրդ 918,0 մլն դրամ
 
Համայնքների բյուջեներ՝ 4մլրդ 090,7 մլն դրամ
 
2022թ հունվարի 1-ից նախատեսվում է աշխատանքային, սոցիալական, սպայական շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակների 20 տոկոսով բարձրացում։ Պետական նպաստի չափերը կբարձրանան  միջինը 20 տոկոսով։
 
2022թ հունվարի 1-ից հետո ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր երեխայի ծնողին կնշանակվի և մինչև երեխայի 6 տարեկան  լրանալը կվճարվի 50000 դրամի չափով դրամական աջակցություն։ Տեղահանված ընտանիքների բնակվարձի  տրամադրման նպատակով նախատեսվել է 5 մլրդ 334,8 մլն դրամ։
 
2022 թ․ պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված սոցիալ- հոգեբանական խնդիրների լուծման նպատակով ԱՀ կառավարության կողմից նախաձեռնվել է նաև պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում 9-20 տոկոսի չափով, առողջապահության ոլորտում՝ 17-20 տոկոսով, կրթության և գյուղատնտեսության ոլորտներում ՝ 20-25 տոկոսով։
 
Միջին հաշվով 2021թ․ պետական բյուջեով նախատեսված աշխատավարձերին ուղղվող 45 մլրդ 2300 մլն դրամի համեմատ 2022թ պետբյուջեի նախագծով նախատեսվում է այդ ուղղությամբ ծախսերն ավելացնել 8 մլրդ 451,7 մլն դրամով կամ ՝ 18,7 տոկոս ավել։
 
Հանրապետության գլխավոր օրինագիծը ներկայացնելուց հետո ֆինանսների նախարարը պատասխանել է  պատգամավոր Գագիկ Բաղունցի առաջադրած հարցերին։
 
Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և  պատգամավորներ, կառավարության անդամներ։

  • Կիսվել: