կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չափազանց թանկ գին ենք վճարել ազատության համար, մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք. Արցախի ԱԺ նախագահ

Չափազանց թանկ գին ենք վճարել ազատության համար, մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքներ՝ բնակիչներին ստեղծված իրավիճակի և այն հաղթահարելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին տեղեկություններ հայտնելու նպատակով:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Թովմասյանը Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի, պատգամավոր Արեգ Ավագյանի և օպերատիվ շտաբի անդամ, Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի  ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքների բնակիչների հետ:

Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացմանը և կհանդիսանա պատմական, իրավական, աշխարհաքաղաքական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար:

«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք: Շրջափակումը արցախահայությանը կանգնեցրել է աննախադեպ աղետի առջև: Վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը: Այս դժվարին օրերին առավել կարևոր են  համերաշխությունն ու հանդուրժողականությունը միմյանց հանդեպ»,- հանդիպման ընթացքում ընդգծել է ԱԺ նախագահը:

Այնուհետև նա առանձնացրել է շրջափակման ազդեցությունը մեղմելու առաջնահերթությունները.

«Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, ինձ համար առաջնային  են.

1. Քաղաքացուն տեր կանգնելու պետության պարտավորությունները:

2. Սոցիալական նոր ծրագրերի անհապաղ ձեռնարկումը, հատկապես խոցելի խավերի, այդ թվում շրջափակման հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված մեր քաղաքացիների հանդեպ:

3. Տեսակետը, թե սոցիալական ծրագրերը ծուլության կամ անգործության են տանում մարդկանց, անընդունելի է այս իրավիճակում, քանի որ Արցախում ապրող ամեն մի հայ իրականացնում է սուրբ առաքելություն՝ ազգային արժանապատվության պահպանում»:

Նշվում է, որ հանդիպումն ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում: Բնակիչների բարձրացրած հարցերը քաղաքական, գյուղատնտեսության , սոցապահովության, անվտանգության ոլորտներին էին առնչվում: Հարցերի մի մասին տրվել են սպառիչ պատասխաններ, մյուսները կփոխանցվեն օպերատիվ շտաբ:

ԱԺ նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել համայնքների բնակիչներին ճգնաժամային իրավիճակին  պատշաճ կերպով դիմակայելու համար:

  • Կիսվել: