երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը ԼՂ էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում. Փաշինյան

Ադրբեջանը ԼՂ էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում. Փաշինյան

Տարածաշրջանում խաղաղության ճարտարապետության մեր պատկերացումը ունի երկու կետ կամ երկու + մեկ: Այս մասին իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջինը` ՀՀ և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանավորվածության իրականացում, երկրորդը` ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրում` Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով միջազգային մեխանիզմի շրջանակներում, և երրորդը` խաղաղության այնպիսի պայմանագրի ստորագրում, որն իր մեջ կունենա մեխանիզմներ, որոնք ի վիճակի կլինեն իսկապես երաշխավորել խաղաղություն»,- ասել է վարչապետը:

Լրագրողի հարցին` ինչ երաշխիքներ կան, որ ԼՂ բնակիչներին կվերաբերվեն որպես Ադրբեջանի լիիրավ քաղաքացիների, քանի որ Ադրբեջանի կողմից հայերի դեմ արտահայտությունները կարող են մտահոգություններ առաջացնել, վարչապետը պատասխանել է.

«Եթե երաշխիքներ ունենայինք, մենք չէինք խոսի ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման անհրաժեշտության մասին. եթե այդ հարցը բարձրանում է, և մենք այսօր խոսում ենք ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի մասին` Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պայմաններում, դա նշանակում է, որ այդ երաշխիքները չկան: Հենց ամբողջ պրոցեսը և այդ երաշխիքների բացակայությունն է, Ձեր հարցի գոյությունն է, որ ԼՂ հակամարտության պատճառ է դարձել և արգելք է դարձել ԼՂ հակամարտության կարգավորման, դա ապացուցվում է այսօրվա իրավիճակում,որ Ադրբեջանը ԼՂ էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում»:

 

  • Կիսվել: