հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց

Վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։

Հանդիպման հիմնական նպատակն էր երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնիշխանություն», «պետականություն» հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի ձևավորումը։

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Քաղաքացու օրվա խորհրդին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացին և այլ թեմաների: Մասնավորապես, վարչապետը խոսելով Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի մասին՝ ընդգծել է, որ այն իրականացնելու որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ամրագրելու նպատակով։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են։

«Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք` եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, ապա երկրորդը՝ տարածքն է և տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն։  Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»,- ընդգծել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին` հավելելով, որ Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ «Խաղաղության օրակարգն արտագաղթը կանխելու մասին է, որովհետև երբ նույն սոցիալ-հոգեբանական շերտը դիտարկում ենք` տեսնում ենք, որ պատերազմն էլ մեծ կապ ունի արտագաղթի հետ, որովհետև Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ Խաղաղության օրակարգը դրա մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են Ակադեմիական քաղաքի հիմնմանը, երիտասարդների շրջանում ստեղծագործ աշխատանքի խրախուսմանը և այլ թեմաների:

Հաջորդիվ միջոցառումը շարունակվել է Գավառի կենտրոնական հրապարակում, որտեղ տաղավարային ցուցադրություններով ներկայացել են Գեղարքունիքի մարզի 5 համայնքները, Գավառ համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող, սննդի արտադրությամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները։ Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել են վարպետաց դասեր (քյուֆթայի և փախլավայի պատրաստման), հեծանվավազք, մարզական ցուցադրական ելույթներ։

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ վարչապետի աշխատակազմը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը և Գավառի համայնքապետարանը։

Վարչապետ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ:

Բերդկունք ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Հնագիտական պեղումների ավարտից հետո կկազմվի ամրոցի վերականգնման նախագիծը։

  • Կիսվել: