Շոլցը հերքել է իր ու Մակրոնի միջև տարաձայնությունների մասին լուրը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև կոնֆլիկտ չկա։ Այս մասին ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը, տեղեկացնում է BR24-ը:
Կանցլերը, մասնավորապես, նշել է. «Ես և Էմանուել Մակրոնը շատ լավ անձնական հարաբերություններ ունենք, ես դրանք նույնիսկ շատ ընկերական կանվանեի»:
Շոլցը նաև նշել է, որ մարտի 15-ին Մակրոնի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ Բեռլինում կայանալիք Վայմարի եռանկյունու հանդիպումը հիմնականում նվիրված կլինի Ուկրաինային օգնությանը։
«Պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինային հնարավորինս մեծ աջակցություն կազմակերպելու համար: Կա՞ արդյոք բավարար զինամթերք, կա՞ բավարար հրետանի, կա՞ ավելի շատ հակաօդային պաշտպանության կարիք»,-ասել է Շոլցը։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներն նկատում էին՝ Մակրոնն ու Շոլցը կարծես թե իրար հետ լեզու չեն գտնում: