երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զուրաբիշվիլին «ռուսական օրենքի» առնչությամբ դիմել է Մակրոնին ու Միշելին

Զուրաբիշվիլին «ռուսական օրենքի» առնչությամբ դիմել է Մակրոնին ու Միշելին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննարկման արդյունքում երկրում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին: Այս մասին տեղեկացնում է TV Pirveli-ն։

Նշվում է, որ Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ այդ հարցը կդիտարկվի Եվրախորհրդի արտահերթ նիստում, որը տեղի կունենա Բրյուսելում ապրիլի 17-18-ը։

«Ես դիմել եմ Շառլ Միշելին և Էմանուել Մակրոնին այստեղ տիրող իրավիճակի առնչությամբ, վաղը Եվրոպական խորհրդի նիստն է»,-ասել է Զուրաբիշվիլին։

Նշենք, որ ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը, Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ, առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։

Խորհրդարանում քննարկումներն ու շենքի դիմաց ցույցերն ապրիլի 16-ին ևս շարունակվել են, հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Հավելենք, որ Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը կշարունակվի ապրիլի 17-ին։ 

  • Կիսվել: