շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ըմբիշներ Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանն օլիմպիական խաղերի ուղեգրեր ապահովեցին

Ըմբիշներ Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանն օլիմպիական խաղերի ուղեգրեր ապահովեցին

Սոֆիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայ երկու ըմբիշ Տոկիո-2020-ի ուղեգիր են ապահովել, գրում է armsport.am-ը:

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը մրցաշարի կիսաեզրափակչում 5-2 հաշվով հաղթանակ է տարել կորեացի Հանյե Չունի նկատմամբ ու ապահովել իր մասնակցությունը ամառային օլիմպիական խաղերին։

Մելիքյանը մեկնարկային գոտեմարտում 10:1 հաշվով հաղթել էր մեքսիկացի Սամուել Գուրիային, այնուհետև 9-0 հաշվով հաղթել էր լիտվացի Յուստաս Պետրյավիչուսին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Այստեղ արդեն Մելիքյանը գոտեմարտել էր ռումինացի Ռազվան Արնաուտին ու հաղթել 3-1 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Մելիքյանը Սոֆիայի մրցաշարի ոսկե մեդալի համար կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Չիոբանուի հետ։

Իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել՝ կիսաեզրափակչում 3-1 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տանելով ֆրանսիացի Մամադասա Սիլայի նկատմամբ։ Ասլանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի կա՛մ ուկրաինացի կա՛մ ճապոնացի ըմբիշի հետ։

Ալսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ մրցել էր 2020թ․-ի Եվրոպայի չեմպիոն, նորվեգացի Մորտեն Տորեսենի հետ, ու 8-0 հաշվով հաղթանակ տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Այստեղ արդեն մեր ըմբիշը 10:5 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Ամանտուր Իսմայիլովի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, հիշեցնենք, մրցաշարին ներկայացված է չորս մարզիկով։

Հայաստանն արդեն ամառային Օլիմպիական խաղերի 8 ուղեգիր ունի։

 

 

  • Կիսվել: