Յամալը դադարեցնում է անվճար ինքնագրեր բաժանելը
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալն այլևս չի կարողանա անվճար ինքնագրեր բաժանել երկրպագուներին։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo պարբերականը, 18-ամյա եզրային հարձակվողը նոր գովազդային պայմանագիր կկնքի մի ընկերության հետ, որը կվաճառի նրա ինքնագրերով ապրանքներ (խաղակոշիկներ, մարզաշապիկներ և այլն), գրում է armsport.am-ը:
Այսպիսով, Յամալին պայման է դրվել՝ չբաժանել անվճար ինքնագրեր, որպեսզի դա չհանգեցնի խաղացողի ստորագրությամբ եզակի ապրանքների գնի իջեցմանը։ Ինչպես հայտնում են «Բարսելոնայի» աղբյուրները, ակումբը փորձում է մուտք ստանալ Յամալի որոշակի քանակությամբ ինքնագրերին, քանի որ զբաղվում է նաև խաղացողների ստորագրություններով ատրիբուտների վաճառքով։
Նշվում է, որ պայմանագիրը դեռ չի կնքվել, սակայն բոլոր կողմերը մտադիր են ստորագրել այն։ Լամին Յամալն արդեն հանդիսանում է մի քանի հայտնի ապրանքանիշերի, այդ թվում՝ adidas-ի, Beats-ի, Powerade-ի, Oppo-ի, Konami-ի և Nesquik-ի դեմքը, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանը։


