երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Սպասում էի, որ մեդալակիր կդառնամ, բայց ոսկե մեդալն անակնկալ էր. Արթուր Ավետիսյան

Սպասում էի, որ մեդալակիր կդառնամ, բայց ոսկե մեդալն անակնկալ էր. Արթուր Ավետիսյան

Սպասում էի, որ Եվրոպայի առաջնության մեդալակիր կդառնամ, բայց անսպասելի էր ոսկե մեդալ նվաճելը: Անակնկալ էր ինձ համար: Շատ ուրախացրեց ինձ այս մեդալը եւ ցույց տվեց, որ կարող է նաեւ լինել ոսկի: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր եկել են ինձ, մեր թիմին դիմավորելու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոցում» ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի 2025 թ. բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը, որը նախորդ գիշեր Հայաստանի թիմի հետ վերադարձավ Երեւան:

«Շատ ուրախ եմ, որ ոսկե մեդալով եմ վերադառնում Եվրոպայի առաջնությունից: Տպավորություններս մեծ են: Շատ երկար սպասված մեդալ էր: Միշտ ինչ-որ բան պակասում էր եւ չէի կարողանում ոսկե մեդալակիր դառնալ: Այս անգամ Աստծո կամքով ստացվեց: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր եկել են ինձ, մեր թիմին դիմավորելու, նաեւ բոլոր նրանց, որոնք իմ կողքին են եւ միշտ կողքիս են եղել:

Առաջին անգամ եմ Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով վերադառնում: Ամեն մրցաշարի գնում ենք սպասելիքներով եւ չես կարող գուշակել, թե ինչ գույնի մեդալով կվերադառնաս, կամ մեդալ կնվաճես, թե ոչ: Այս անգամ շատ լավ ստացվեց մրցաշարն ինձ համար:

Սպասում էի, որ Զագրեբում մեդալակիր կդառնամ, բայց անսպասելի էր, որ ոսկե մեդալ կնվաճեմ: Անակնկալ էր ինձ համար: Շատ ուրախացրեց ինձ այս մեդալը եւ ցույց տվեց, որ կարող է նաեւ լինել ոսկի:

Վահագն Դավթյանի հետ մրցակցությունն ինձ համար միշտ հաճելի է եւ ուսանելի: Վահագնը ինձ համար ավագ եղբայր է: Փոքր տարիքից նրան տեսնելով եմ մեծացել սպորտում: Նա ինձ շատ է ոգեւորում: Շատ է եղել, որ վնասվածքների պատճառով ընկճվել եմ, ցավեր եմ ունեցել, բայց նայել եմ Վահագնին, տեսել եմ, թե ինչպես է նա հաղթահարում այդ դժվարությունները, ցավերը, ուժեղացել եմ, ոգեշնչվել եւ շարունակել պայքարս: Վահագն Դավթյանն ինձ համար օրինակ է սպորտում:

Երբ հասկացա, որ չեմպիոն եմ դարձել, այդ ժամանակ դեռ չէի գիտակցում, որ Ալբեևտ Ազարյանից հետո, նրա հաղթանակից 71 տարի անց ես եմ առաջին ոսկե մեդալակիրն այս գործիքի վրա: Շատ ուրախացա այդ փաստից: Կձգտեմ, որ շարունակական լինի:

Առջեւում աշխարհի առաջնությունն է, որը տեղի է ունենալու երկու ամիս անց: Հանգստանալու ժամանակ չունենք: Կփորձեմ կրկնել կամ իմ հնարավորությունների չափով մեդալ նվաճել արդեն աշխարհի առաջնությունում:

Վարժությունս բարդացնելու մասին դեռ չենք քննարկել: Մարզիչներիս հետ կխորհրդակցենք եւ կհասկանանք, թե ինչպես ենք ներկայանալու աշխարհի առաջնությանը»,- ասաց Արթուր Ավետիսյանը:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 19-24-ն անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Ավետիսյանը փայլուն կատարմամբ մարզական կարիերայում առաջին անգամ հռչակվեց չեմպիոն: Օղակների վարժության եզրափակիչում Ավետիսյանը վաստակեց 14.400 միավոր:

 

  • Կիսվել: