շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարության նիստում որոշվել է հավելյալ գումար հատկացնել մեծ նվաճումների սպորտին. ԿԳՄՍՆ

Կառավարության նիստում որոշվել է հավելյալ գումար հատկացնել մեծ նվաճումների սպորտին. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 21-ին կայացած նիստում որոշվել է հավելյալ գումար հատկացնել մեծ նվաճումների սպորտին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Ըստ այդմ` 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցաշրջանը եզրափակելու և այդ մրցումներում մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով հատկացվել է 114 մլն 720 հազար դրամ գումար ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջետային ընդհանուր հատկացումներից արված տնտեսումների վերաբաշխման միջոցով:

Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ 2021 թվականի պետական բյուջեով  2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով հատկացվել էր 249.7 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն, որը շահառուներին տրամադրվել է մինչև օլիմպիական խաղերի ավարտը:

«Այժմ անհրաժեշտություն է առաջացել սպորտային նպաստի տրամադրման պետական ծրագիրը դարձնել շարունակական, որպեսզի մարզիկները,  մարզիչները, ինչպես նաև բժիշկները շարունակեն  կատարել իրենց մասնագիտական պարտքը մինչև 2021 թվականի մրցաշրջանների ավարտը»,- նշել է  Վահրամ Դումանյանը` տեղեկացնելով, որ ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և հաջողությամբ եզրափակեն 2021 թվականի մրցաշրջանը: Կառավարության կողմից հատկացված լրացուցիչ միջոցները կտրամադրվեն որպես սպորտային նպաստ:

«Մեր նպատակն է աջակցել մեր պրոֆեսիոնալ մարզիկներին, որպեսզի նրանք  ցուցաբերեն բարձր արդյունքներ: Սպորտային մեծ նվաճումների  խրախուսումը մեր ռազմավարական նպատակներից է»,- անդրադառնալով որոշմանը` նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հավելենք նաև, որ բացի վերը նշված հատկացումներից՝ 2020  թվականին ևս ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 232 մլն դրամ գումար էր հատկացվել, որը նախատեսված էր 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու համար: 

  • Կիսվել: