ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՖՖ-ն սկսում է 30 տարիների խորհրդանշական հավաքականի քվեարկություն

ՀՖՖ-ն սկսում է 30 տարիների խորհրդանշական հավաքականի քվեարկություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է քվեարկություն՝ որոշելու հայ ֆուտբոլիստների՝ 30 տարիների խորհրդանշական հավաքականը: Առիթը Ֆեդերացիայի 30-ամյակն է։

Առաջարկվում է քվեարկության միջոցով որոշել վերջին 30 տարիների լավագույն ֆուտբոլիստներին՝ ըստ դիրքերի:

Թեկնածուներն առաջադրվել են ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժնի, ՀՖՖ գործող և վետերան ֆուտբոլիստների հիմնադրամի անդամների և ՀՖՖ Տեխնիկական տնօրինության մասնագիտական խորհրդի քննարկումների արդյունքում:

Հաշվի են առնվել թեկնածուների՝ վերջին 30 տարիների ընթացքում ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ Հայաստանի առաջնություններում, այլ երկրների ազգային առաջնություններում և եվրոպական ակումբային մրցաշարերում ունեցած ելույթները:  

Քվեարկությունն անցկացվելու է 8 անվանակարգերում՝ Լավագույն դարպասապահ, լավագույն աջ պաշտպան, լավագույն կենտրոնական պաշտպաններ, լավագույն ձախ պաշտպան, լավագույն աջ կիսապաշտպան, լավագույն կենտրոական կիսապաշտպաններ, լավագույն ձախ կիսապաշտպան, լավագույն ենթահարձակվող/ հարձակվող:

Յուրաքանչյուր անվանակարգում խորհրդանշական հավաքականը համալրելու է առավելագույն ձայն ստացած մասնակիցը: Կենտրոնական պաշտպանների, կենտրոնական կիսապաշտպանների և ենթահարձակվողի ու հարձակվողի կատեգորիայում խորհրդանշական հավաքականը համալրելու են առավելագույն ձայներ ստացած 2 մասնակիցները:

Որոշ անվանակարգերում  2-րդ, իսկ որոշներում 3-րդ և 4-րդ տեղեր զբաղեցրած թեկնածուներն ընդգրկվելու են խորհրդանշական հավաքականի պահեստայինների թվում:

Ցանկացած անվանակարգում երկու և ավելի թեկնածուների՝ հավասար քանակի ձայներ հավաքելու դեպքում կանցկացվի լրացուցիչ քվեարկություն այդ մասնակիցների միջև:

Քվեարկության արդյունքները չեն հրապարակվելու ըստ դիրքերի, այլ հրապարակվելու են վերջին քվեարկությունից հետո, երբ պարզ կլինի խորհրդանշական հավաքականի ամբողջական կազմը:

Առաջին քվեարկությամբ որոշելու ենք վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահին: Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումովընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:

Քվեարկությանը կարող են մասնակցել են Facebook-ում ՀՖՖ պաշտոնական էջի հետևորդները, որոնք պետք է անպայման ունենան իրապես գրանցված էլ.հասցե:

Քվեարկության վերջնաժամկետն է ապրիլի 17-ը՝ 18:00: 

  • Կիսվել: