շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ դատապարտյալները մասնակցել են շախմատի աշխարհի առաջնությանը

Հայ դատապարտյալները մասնակցել են շախմատի աշխարհի առաջնությանը

Հայաստանի շախմատի ակադեմիայում «Շախմատ հանուն ազատության» ծրագրի շրջանակներում առցանց եղանակով մեկնարկել է դատապարտյալների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որին մասնակցում են յոթ երկրների՝ Հայաստանի, Զիմբաբվեի, Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի, Իրանի և ԱՄԷ-ի դատապարտյալների շախմատի հավաքականի թիմերը։

Հայաստանի թիմում ընգրկվել են ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում նախապես անցկացված շախմատի մրցաշարի արդյունքներով առաջին 4 հորիզոնականը զբաղեցրած դատապարտյալներ Արմեն Գորոյանը «Նուբարաշեն», Վալերի Թումասյանը «Արմավիր», Միքայել Զաքարյանը և Արամ Պետրոսյանը «Սևան» ՔԿՀ-ներից և պայմանական վաղաժամկետ ազատված, Պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո գտնվող Նարեկ Հովակիմյանը։

Խաղի ընթացքին հետևել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, նրա տեղակալները, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և հյուրեր։

Մինչ խաղի սկսելը Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը զրուցել է դատապարտյալների հետ, քաջալերել՝ մաղթելով նրանց հաջողություն և հաղթանակ թեժ մրցապայքարում։

Նշենք, որ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցությունը սկսել է դեռևս 2015 թվականից․ ազատազրկված անձանց ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու և նրանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում հիմնարկներում հաճախ կազմակերպվել են շախմատի դասընթացներ և մրցաշարեր։ Այդ համագործակցության և ներդրած ջանքերի շնորհիվ մեր դատապարտյալների թիմն արդեն երեք անգամ մասնակցում է միջազգային առաջնությունների։ Յուրաքանչյուր առաջնությունից առաջ նրանց հետ աշխատում են Ակադեմիայի լավագույն գրոսմայստերները։

Շախմատի աշխարհի առաջնության արդյունքերը կամփոփվեն այսօր:

  • Կիսվել: