շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հավաքականում թիմային խաղի որակը շատ է բարձրացել. Մխիթարյան

Հավաքականում թիմային խաղի որակը շատ է բարձրացել. Մխիթարյան

Հավաքականի ֆուտբոլիստները շատ լավ աշխատանք են կատարել՝ հաղթելով առաջին երեք խաղերում։ Առաջիկա հանդիպումներում էլ կձգտենք ցուցադրել մեր լավագույն խաղը, հաղթանակ տանել։ Վերջում կերեւա, թե այս ընտրական փուլում ինչի կարող ենք հասնել։ Այս մասին այսօր Հյուսիսային Մակեդոնիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական ՛՛Ռոմայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հաղթողի հոգեբանությունը ազգային հավաքականում ձեւավորվել է դեռ Ազգերի լիգայի խաղերում, որտեղ թիմը շատ լավ հանդես եկավ եւ առաջին տեղը գրավեց։ Դա դրսեւորվեց նաեւ այս ընտրական փուլի խաղերում։ Թիմային խաղի որակը շատ է բարձրացել։ Տղաները հավատում են իրենց ուժերին եւ հաղթելու հնարավորությանը։

Առաջին խաղերում եղան առանցքային ֆուտբոլիստներ, որոնք կարողացան թիմը տանել իրենց հետեւից եւ արդյունք ապահովել։ Հուսանք, որ առաջիկա խաղերում էլ այդպես կլինի։ Բազմիցս ասել եմ, որ բոլորը պետք է պատասխանատվություն վերցնեն։ Ցավոք, վաղը չեն խաղա Հարոյանը, Բարսեղյանն ու Բայրամյանը, բայց մյուսներն էլ կարող են արժանիորեն փոխարինել նրանց՛՛:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

 

  • Կիսվել: