չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հակոբ Մկրտչյանը 6-րդն է, Դավիթ Հովհաննիսյանը 0 է ստացել․ ծանրամարտի ԱԱ

Հակոբ Մկրտչյանը 6-րդն է, Դավիթ Հովհաննիսյանը 0 է ստացել․ ծանրամարտի ԱԱ

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտել են Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ։ 96 կգ քաշային կարգի A խմբում ելույթ են ունեցել Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը, որոնք չեն կարողացել գրավել մրցանակային տեղ։

89 կգ քաշային կարգում 2019թ․ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 368 կգ (163+205) արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը: Պոկում և հրում վարժություններում գյումրեցի ծանրորդը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումները։
Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է միայն 165 կգ ծանրաձողը, իսկ հրումում զրո է ստացել։ Երկու փորձից նա չի կարողացել բարձրացնել 200 կգ, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվել է։

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Բահրեյնի ներկայացուցիչ, կոլումբացի Լեսման Պարեդեսը, որը երկամարտում գրանցել է 397 կգ (185+212)։ Երկրորդ տեղը գրավել է ղազախ Նուրիգիսա Ադիլետուլին (383 կգ), բրոնզե մեդալակիր է դարձել կոլումբացի Ժոր Մորենոն (380 կգ)։

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել էին նաև Իզաբելյա Յայլյանը (59 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Վարդան Մանուկյանը (89 կգ)։

Դեկտեմբերի 13-ին մրցահարթակ դուրս կգան Տաթեւ Հակոբյանը (76 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ)։

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում խաղարկվում են Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ։

  • Կիսվել: