շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում:

Մինչև 23 տարեկանների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշայինների պայքարում երեկ նվաճել է հաղթողի տիտղոսը՝ երկամարտի 330 կգ (150+180) արդյունքով կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Հարությունյանը լավագույնն է ճանաչվել նաև պոկում ու հրում վարժություններում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը նվաճել է արծաթե մեդալ՝ ցույց տալով երկամարտի 323 կգ (145+178) արդյունք:

Մինչև 20 տարեկանների պայքարում երիտասարդական ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել են Տիգրան Կարապետյանը (67 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ): Կարապետյանը երկամարտի 275 կգ (123+152) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր՝ փոքր արծաթե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում, իսկ Սահակյանը երկամարտում գրանցել է 311 կգ (171+140) արդյունք և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Պոկում և հրում վարժություններում ևս Սահակյանն արժանացել է փոքր արծաթե մեդալների:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը (73 կգ), երկամարտում գրանցելով 308 կգ (172 +136) արդյունք, դարձել է բրոնզե մեդալակիր: Պողոսյանը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում: Մ20 տարեկանների ԵԱ-ում երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է նաև Մնացական Աբրահամյանը (81 կգ)՝ 313 կգ (138+175) արդյունքով: Հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում: Պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել նաև Հայաստանի կանանց Մ20 տարեկանների հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ)՝ երկամարտի 198 կգ (112+86) արդյունքով: Պոկում վարժությունում ևս հայ մարզուհին դարձել է փոքր բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է Հայաստանի հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Մ20 տարեկանների պայքարում էլ 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը և 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:

  • Կիսվել: