հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գյումրիի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցը կկոչվի օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի անվամբ

Գյումրիի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցը կկոչվի օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի անվամբ

Նոյեմբերի 18-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով  641,156.5 հազար ուղղել կապիտալ ծախսերի համար:

Մասնավորապես, ՀՀ քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 518,744.4 հազար դրամ Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման մեկնարկման, Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքերի կառուցման մեկնարկման, ինչպես նաև թվով 3 մոդուլային դպրոցի կառուցման շարունակականության ապահովման համար։ Ըստ այդմ, կապահովվի մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարման, նախագծման և գույքային հագեցվածության ապահովումը:

Կառավարության որոշմամբ Գյումրիի ծանրամարտի  մանկապատանեկան մարզադպրոցը կկոչվի ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ,  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր Իսրայել Միլիտոսյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ: Նման որոշում ընդունվել է՝ կարևորելով  հանրահայտ ծանրորդ և վաստակաշատ մանկավարժ Իսրայել Միլիտոսյանի ներդրած մեծ ավանդը սպորտի՝ մասնավորապես ծանրամարտ մարզաձևի զարգացման, Գյումրիի ծանրամարտի օլիմպիական  մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և դաստիարակության գործում: Ընդգծվում է, որ մարզադպրոցի անվանակոչումը Իսրայել Միլիտոսյանի անվամբ՝ նրա տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատական է:

  • Կիսվել: