ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գյումրեցի մարզիկը պարափաուերլիֆտինգի բաց առաջնությունից եկել է մեդալով և անձնական ռեկորդով

Գյումրեցի մարզիկը պարափաուերլիֆտինգի բաց առաջնությունից եկել է մեդալով և անձնական ռեկորդով

Հայրենի Գյումրի քաղաքի մուտքի մոտ այսօր մեծ շուքով դիմավորեցին փաուրլիֆթինգի և պարափաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) բաց առաջնությունից մեդալով ու անձնական ռեկորդով վերադարձող Արթուր Գալստյանին։

Նշենք, որ Ազովի ծովի փաուրլիֆթինգի  և պարափաուերլիֆտինգի բաց առաջնությունը կայացել է սեպտեմբերի 10-13-ը Ուկրաինայում: Միջազգային մրցումներին մասնակցել է 250 մարզիկ, 5 երկրներից՝ Հայաստան, Իսրայել, ԱՄՆ, Ուկրաինա և Ռումինիա:

Արթուրին դիմավորելու էին եկել ընկերները, հարազատներն ու անձնական մարզիչը՝ Գրետա Վարդանյանը: Մարզիկը մրցումների մեկնել էր Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի կազմում:

Արթուրը մրցումներին մասնակցել է պարալիմպիկ կատեգորիայում՝ մինչև 56 կգ քաշային կարգում. անձնական քաշը 54 կգ: Իրեն ենթարկելով  77 ,5 կգ ծանրաձողը` Արթուրը  սահմանել է անձնական ռեկորդ: «Բավական մասշտաբային մրցումներ էին, անկեղծ` մինչև հիմա չեմ հավատում, որ հաջողության եմ հասել: Սա իմ նոր երազանքներին հասնելու նշաձող է»,-Sputnik Արմենիային ասաց Արթուրը` նշելով, որ երազանքներից մեկն էլ հոկտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելն է, որի հրավերն արդեն ստացել է: «Հնարավորություն ունենալու և աշխարհի առաջնությանը մասնակցելու դեպքում, կփորձեմ ինձ ենթարկել սպորտի վարպետի վարկանիշը՝ 87,5 կգ»,-ասաց Արթուրը: 

 Նրա՝ այս մրցումներին մասնակցելուն աջակցել են  Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան ու Շիրակի մարզպետարանը, իսկ հաղթանակի առյուծի բաժինն իր անձնական մարզչին է՝ Գրետա Վարդանյանինը: «Ինձանից շատ մարզիչս է ինձ հավատացել: Ճիշտ է, ֆինասական  միջոցների սղության պատճառով իմ հետ չէր եկել մրցումների, բայց իր բացակայությունը չեմ զգացել՝ հեռակապի միջոցով միշտ իմ հետ էր իր խորհուրդներով, ինչի շնորհիվ հաջողվեց  պատվով ներկայացնել Հայաստանը»,-նշեց Արթուրը:  

 

Արթուրին ու Արթուրի հաղթանակներին Sputnik Արմենիան դեռ 4 տարի առաջ է անդրադարձել: Դեռ այն ժամանակ էր զգացվում՝ ուժեղ կամքի ու աշխատասիրության շնորհիվ մանկական ուղեղային կաթվածով, հենաշարժողական ապարատի խախտումով ծնված երիտասարդը շատ հաղթանակներ է ունենալու, իսկ հաղթանակների ու հաջողությունների գրավականը մայրիկի՝ Ոսկեհատ Գալստյանի հավատն է:

«Որպես ծնող չեմ պատկերացրել, որ Արթուրս այսքան հաջողությունների ու արդյունքների կհասնի, բայց, տեսնելով նրա համառությունը, աշխատասիրությունն ու կամքի ուժը,  երազել եմ այս հաղթանակի մասին»,-նշում է տիկին Ոսկեհատը՝ խորհուրդ տալով նմանատիպ խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին չթաքցնել երեխաների խնդիրները, լինել համառ ու նրանց ընդունել այնպիսին, ինչպիսին կան: «Եթե երեխան ինտեգրվեց ընտանիքում, ապա կինտեգրվի նաև հասարակության մեջ»,-հավելեց տիկին Ոսկեհատը:

Ի դեպ, Արթուրն այս մրցումներին Հայաստանի անունը բարձր պահող միակ մարզիկը չէր։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան մրցույթին մասնակցել է 10 մարզիկով, նվաճել են 15 մեդալ, սահմանվել է աշխարհի 6 ռեկորդ:

  • Կիսվել: