հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը լավագույնն է հայ շախմատիստներից Yerevan Open-ում

Գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը լավագույնն է հայ շախմատիստներից Yerevan Open-ում

Ավարտվեց շախմատի Yerevan Open միջազգային 4-րդ մրցաշարը:

Վերջին տուրից առաջ հայ շախմատիստներից գլխավոր մրցանակին հավակնում էր միայն գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը, որը կես միավոր էր զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Սերգեյ Լոբանովին: Վերջինս առաջինն ավարտեց մրցաշարը՝ սևերով 30-րդ քայլին հաշտություն կնքելով իր հայրենակից Կլեմենտի Սիչովի հետ ու վաստակեց 7 միավոր:

Մամիկոն Ղարիբյանը հաղթանակով ավարտեց մրցաշարը՝ սևերով 35-րդ քայլին առավելության հասնելով վրացի Միխեիլ Մչեդլիշվիլիի նկատմամբ: Ղարիբյանը ևս վաստակեց 7 միավոր:

Լրացուցիչ գործակիցների հաշվարկով Ղարիբյանը գլխավոր մրցանակը զիջեց Լոբանովին՝ բավարարվելով 2-րդ տեղով: Մամիկոնը կպարգևատրվի 1,8 միլիոն դրամով, «Չեսիֆայ» ընկերության կողմից էլ կստանա 300 դոլար: Իսկ մրցաշարի հաղթող Սերգեյ Լոբանովը կստանա համապատասխանաբար 2,6 միլիոն դրամ ու 500 դոլար:

6,5 միավորով 11-րդ տեղը զբաղեցրեց մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2625) ունեցող Սամվել Տեր-Սահակյանը, որը սպիտակներով հաղթեց Հովիկ Հայրապետյանին: Նա կպարգևատրվի 250 հազար դրամով:

Տիգրան Պետրոսյանը, սևերով հաղթելով Արսեն Դավթյանին, 6 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը: Նա կպարգևատրվի 250 հազար դրամով: Նույնպիսի պարգևի կարժանանա 6 միավորով 15-րդ տեղը գրաված Վահե Դանիելյանը: 5,5-ական միավորով 19-րդ և 20-րդ տեղերը զբաղեցրած Տիգրան Հարությունյանն ու Հովիկ Հայրապետյանը կստանան 130 հազարական դրամ:

  • Կիսվել: