Դրոշով հաղթական շրջան կատարելիս հպարտություն եւ հուզմունք էի զգում․ Ջանես Նազարյան
Հաղթական շրջան կատարելիս դահլիճից հնչող սուլոցներին այլեւս ուշադրություն չէի դարձնում: Այդքան էլ չէր հետաքրքրում, առավել կարեւոր էր իմ այդ պահի վայելքը: Ես վայելում էի եռագույնով հաղթական շրջան կատարելը: Այս հաղթանակը մարզիչների աշխատանքի արդյունքն է:
Այսպես իր հաղթանակը Բաքվում մեկնաբանեց 17-ամյա կրկնակի աշխարհի ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը:
Հուլիսի 29-ին Բաքվում անցկացված Մ-17 աշխարհի առաջնության 71 կգ քաշային կարգի եզրափակիչում Ջանես Նազարյանը 4:3 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ջուեւին: Տիտղոսը նվաճելուց հետո հայ ըմբիշը Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց մարզիչների հետ, որն ուղեկցվեց տրիբունաներից հնչող սուլոցներով: Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ դրոշը, որը նույնպես ուղեկցվեց սուլոցներով:
«Ամեն բան լավ էր: Լարվածություն կար, բայց ոչ թե նրանից, որ թշնամի երկիր էր, այլ պատասխանատվության զգացումն էր: Անցկացրածս գոտեմարտերից գոհ եմ, մարզիչների հետ լավ աշխատանքն էինք տարել: Որոշ սխալներ կային, բայց դրանք չազդեցին իմ ընդհանուր արդյունքի վրա: Մրցելույթս լավ եմ գնահատում, կարծում եմ՝ մարզիչներն էլ են նույն կարծիքին:
Այս հաղթանակը մարզիչների աշխատանքի արդյունքն է, քանի որ նրանք են ինձ ասում եւ ուղղություն ցույց տալիս, թե ինչ անեմ, որպեսզի նման արդյունքի հասնեմ:
Բաքվի մրցագորգում կառանձնանցեմ եզրափակիչ գոտեմարտը: Մի քիչ լարված անցավ, քանի որ չգնաց այնպես, ինչպես ծրագրել էի: Սխալներ թույլ տվեցի: Մարզիչների հանգստության եւ հուշումների շնորհիվ կարողացա հետ բերել հաղթանակս եւ հասնել լավ արդյունքի: Մրցակիցս ուժեղ էր: Երբ սկզբում միավոր տվեցի, լարվեցի: Մարզիչներն օգնեցին, որ չխառնվեմ իրար եւ ավելի վատ գոտեմարտ չանցկացնեմ: Ինձ օգնեց այն միտքը, որ մինչեւ եզրափակիչ հաղթել եմ, այդտեղ հասնելու համար մեծ աշխատանք եմ կատարել եւ այս գոտեմարտն էլ պետք է հաղթեմ: Այս տարի բոլորն էին աշխատում ինձ հաղթելու համար: Դժվար էր: Ամեն դեպքում լավ էի պատրաստվել:
Հաղթական շրջան կատարելիս դահլիճից հնչող սուլոցներին այլեւս ուշադրություն չէի դարձնում: Այդ պահին, այդ սուլոցներն այդքան էլ չէին հետաքրքրում, որովհետեւ այդքան էլ կարեւոր չէր, առավել կարեւոր էրիմ այդ պահի վայելքը: Ես վայելում էի պահը եռագույնով հաղթական շրջան կատարելիս: Այդ պահն ամեն անգամ չի, որ կարող ես վայելել:
Երբ իմացանք, թե որտեղ է անցկացվելու աշխարհի առաջնությունը, հաղթանակը հավատալի էր, բայց մի քիչ հեռու էր թվում:
Դրոշով հաղթական շրջան կատարելիս հպարտություն եւ հուզմունք էի զգում, որ կարողացա հասնել հաղթանակին»,- ասաց Ջանես Նազարյանը:



