կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՉԼ. Փյունիկը ֆանտաստիկ խաղում հաղթահարեց Կլուժի արգելքն ու դուրս եկավ հաջորդ փուլ

ՉԼ. Փյունիկը ֆանտաստիկ խաղում հաղթահարեց Կլուժի արգելքն ու դուրս եկավ հաջորդ փուլ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»  արտագնա խաղում մրցեց ռումինական «Կլուժի» հետ:  Հիմնական ու լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:  11 մետրանոց հարվածաշարերում ավելի դիպուկ էին Փյունիկի ֆուտբոլիստները:

Առաջին խաղակեսն անցավ ռումինական թիմի բացահայտ առավելությամբ: Խաղասկզբում տանտերերը կարողացան բացել հաշիվը: 6-րդ րոպեին Բոատենգի գլխի հարվածից հետո գնդակը հայտնվեց Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասում: 25-րդ րոպեին երևանյան թիմի դարպասի մոտ իսկական խառնաշփոթ էր, գնդակը հայտնվեց Յուրչենկոյի դարպասում, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ:

Երկրորդ խաղակեսի սկզբում նույն պատկերն էր: Ավելի ակտիվ էին տանտերերը: Խաղակեսի երկրորդ հատվածում երևանյան թիմն ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն թիմի գործողություններում պակասում էր սրությունը:

Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ, անկյունայինի խաղարկումից հետո Զորան Գայիչը հավասարեցրեց հաշիվը և խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի 4-րդ րոպեին Պետրիլան առաջ մղեց իր թիմին: Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի սկզբում Հայաստանի չեմպիոնը վաստակեց 11 մետրանոցի իրավունք, սակայն Հովհաննես Հարությունյանի հարվածից հետո մրցակցի դարպասապահը տիրեց գնդակին: 119-րդ րոպեին Հարությունյանը հեռվից հարված կատարեց, մրցակցի դարպասապահը հետ մղեց այն, իսկ վրա հասած Արթուր Ավագյանը փոխանցում կատարեց Գայիչին, որը խփեց այս խաղում իր երկրորդ գոլը:

11 մետրանոց հարվածաշարերում Դավիդ Յուրչենկոն երկու հարված հետ մղեց, ինչի շնորհիվ Հայաստանի չեմպիոնը դուրս եկավ ՉԼ որակավորման 2-րդ փուլ: Հաջորդ փուլում «Փյունիկը» կհանդիպի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, որն առաջին փուլում հաղթահարեց ալբանական «Տիրանայի» արգելքը` հաղթելով երկու խաղերում 1-0 և 2-1 հաշվով, գրում է armsport.am-ը։

  • Կիսվել: