չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բասկետբոլի Ա լիգա․ «Ուրարտուն» առաջատարն է՝ 5 անընդմեջ հաղթանակից հետո

Բասկետբոլի Ա լիգա․ «Ուրարտուն» առաջատարն է՝ 5 անընդմեջ հաղթանակից հետո

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի VBET Ա լիգայի 2021/2022 մրցաշրջանը։

Ընթացիկ խաղարկությունում դեռևս անպարտելի է «Ուրարտուն», որն օրերս հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ 131:78 հաշվով առավելության հասնելով ՖԻՄԱ ակումբի նկատմամբ:

Ավելի վաղ «Ուրարտուն» 101:78 հաշվով հաղթել էր «ԱԻԱ Սթարսին», 101:72 հաշվով առավելության էր հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ, 96:86 հաշվով հաղթել էր «Էրեբունիին», 79:77 հաշվով էլ առավելության էր հասել «Գյումրիի» նկատմամբ։ 5 խաղից հետո «Ուրարտուն» 10 միավորով գլխավորում է Ա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Մրցաշրջանում իր ելույթներն է սկսել նաև «Արցախը»՝ առաջին խաղում 74:86 հաշվով պարտություն կրելով «Արարատ» ակումբից: Արդեն երկրորդ խաղում «Արցախը» 100:92 հաշվով հաղթել է «ԱԻԱ Սթարսին», այնուհետև 100:95 հաշվով առավելության է հասել ՖԻՄԱ ակումբի նկատմամբ: Եվս մեկ խաղում «Արցախը» 107:103 հաշվով զիջել է «Գյումրիին»։

Ի դեպ, «Գյումրին» և «Էրեբունին» 5 խաղից հետո հավասար՝ 8-ական միավոր ունեն և մրցաշարային աղյուսակում բաժանում են 2-3-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով «Էրեբունին» երկրորդն է։

Նոյեմբերի 23-ին, 24-ին և 25-ին VBET Ա լիգայի չորս հանդիպում կկայանա։ «Արարատը» նոյեմբերի 23-ին կմրցի «ԱԻԱ Սթարսի» հետ։ Խաղը կմեկնարկի ժամը 21։00-ին։ Վաղը՝ նոյեմբերի 24-ին, «Էրեբունին» կմրցի ՖԻՄԱ-ի հետ, իսկ «Գյումրին» ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ։ Խաղերը համապատասխանաբար կմեկնարկեն ժամը 19։00-ին և 21։15-ին։ Առաջատար «Ուրարտուն» էլ նոյեմբերի 25-ին կմրցի «Արարատի» հետ։ Խաղի սկիզբը 21։00-ին է։

  • Կիսվել: